Հուլիսի 1-ից կենսաթոշակառուները և նպաստառուները հետ կստանան քարտով կատարած վճարումների 10%-ը, բայց ոչ ավելին, քան՝ 5000 դրամը - RadioVan.fm

Онлайн

Հուլիսի 1-ից կենսաթոշակառուները և նպաստառուները հետ կստանան քարտով կատարած վճարումների 10%-ը, բայց ոչ ավելին, քան՝ 5000 դրամը

2022-05-19 15:26 , Политика, 1166

Հուլիսի 1-ից կենսաթոշակառուները և նպաստառուները հետ կստանան քարտով կատարած վճարումների 10%-ը, բայց ոչ ավելին, քան՝ 5000 դրամը

Կառավարությունը հաստատել է Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը: Որոշման նպատակը պետությունից կենսաթոշակ կամ սոցիալական պաշտպանության ծրագրերով նախատեսված՝ պարբերական բնույթ կրող նպաստ կամ դրամական այլ վճար ստացող շահառուների գնողունակության որոշակի բարձրացումն է՝ պայմանավորված վերջին շրջանում գրանցվող բարձր գնաճով, ինչն էլ իր հերթին կծառայի որպես գնաճի բացասական հետևանքները որոշակիորեն մեղմող գործիք։

Ըստ այդմ, սահմանվում են միջոցառման մասնակիցների շրջանակը, մասնակցության ձևաչափը, շահառուներին վճարման ենթակա հետվճարի ընդհանուր և յուրաքանչյուր մասնակցի կողմից տրամադրվող առանձին չափերը։ Որոշման ընդունման կապակցությամբ 2022 թ. պետբյուջում տեղի կունենա ծախսերի ավելացում մինչև 5.66 մլրդ դրամի չափով:

Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է, որ փաստացի շահառու կդառնա և առնվազն 3 ամիս անընդմեջ կստանա նախատեսված հետվճարը բանկային քարտով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների 80 տոկոսը՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարումն ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար՝ նախորդ ամիս կատարած անկանխիկ գործարքների հանրագումարից: Այն կձևավորվի միջոցառման մասնակիցների հատկացումներից հետևյալ համամասնությամբ. պետություն՝ 5 տոկոս, գործընկեր բանկ՝ 5 տոկոս: Ընդ որում, գործընկեր բանկի կողմից յուրաքանչյուր շահառուի հետվճարից հաշվարկված եկամտային հարկի գումարին համապատասխան չափով ավելացվում է պետության կողմից տրամադրվող հետվճարի չափն այնպես, որ շահառուին փոխանցվող զուտ հետվճարը կազմի 10 տոկոս։ Հետվճարի՝ մեկ ամսվա համար գումարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել 5000 դրամը՝ անկախ կատարված անկանխիկ գործարքների մեծությունից։

Մինչև հունիսի 1-ը կհրապարակվեն գործընկեր բանկերի ցանկը, և կենսաթոշակառուն կարող է փոխել իր բանկը, եթե տեսնի, որ իր բանկը, որտեղից ստանում է կենսաթոշակը, գործընկեր բանկերի շարքում չէ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ ծրագիրը փորձնական կիրականացվի 6 ամիս. «Այսինքն՝ կսկսի այն աշխատել, կվերլուծենք և կհասկանանք, թե ինչ հնարավորություններ և ինչ թերություններ կան, և դրանք հընթացս ավելի կլավարկենք»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է համակարգի ֆորմալ բնույթ չունենալու կարևորությունը.

«Պետք է ամեն ինչ անել, որ ցանկացած գյուղում կենսաթոշակառուներն իմանան այդ մասին, հակվեն անկանխիկ առևտուր անելու: Պետք է ուղղակի օգնենք, որ մեր քաղաքացիները հասկանան, որ քարտի վրա գումար պահելն ավելի անվտանգ է: Սա նաև խթան է, որովհետև կենսաթոշակների շրջանառությունը տարեկան 500 միլիարդ դրամ է կազմում, այստեղ առևտրի կետերն էլ պետք է իրենց կողմից այդ շահագրգռությունը ցուցաբերեն»:

Վարչապետը նշել է, որ ծրագիրն ունի սոցիալական նշանակություն, քանի որ դրանով փորձ է արվելու նաև որոշակիորեն մեղմել գնաճը:

«Շատ կարևոր է նաև, որ Կենտրոնական բանկի օգնությամբ միջոցառման շրջանակում կուտակվող տվյալների վերլուծությունը: Ես այս հատվածն համարժեք կարևորում եմ, քանի որ եթե կարողանանք այդ տվյալները՝ կենսաթոշակառուների կողմից արվող առևտուրը վերլուծել, ապա կհասկանանք, թե իրենք ինչի համար են հատկապես գումար ծախսում: Այս պարագայում, գուցե, վերլուծենք մեր սոցիալական քաղաքականությունը, որոշակի շտկումներ անենք, ինչը կնպաստի սոցիալական աջակցությունը մաքսիմալ հասցեական դարձնելուն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է նաև, որ համակարգի լավարկման գործընթացը պետք է լինի շարունակական. «Այն կարող է շատ ավելի լուրջ համակարգ դառնալ: Ավելի կարևոր է համակարգի մոդուլի ներդրումը, որի հետագա զարգացման համար մենք պետք է աշխատենք»:

Лента

Рекомендуем посмотреть