Միրզոյանը Եվրոպական խորհրդարանում հանդիպումներում ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության՝ Հայաստանի դիրքորոշումը - RadioVan.fm

Онлайн

Միրզոյանը Եվրոպական խորհրդարանում հանդիպումներում ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության՝ Հայաստանի դիրքորոշումը

2022-05-18 17:07 , Политика, 798

Միրզոյանը Եվրոպական խորհրդարանում հանդիպումներում ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության՝ Հայաստանի դիրքորոշումը

Մայիսի 18-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) փոխնախագահ Էվա Կոպաչի հետ։

Արտգործնախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ զրուցակիցները կարևորել են ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնումն ու խորացումը։ Էվա Կոպաչը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման նպատակով ՀՀ կառավարության կողմից անցկացվող բարեփոխումները և աջակցություն հայտնել դրանց։

Արարատ Միրզոյանը նշել է, որ ընթացիկ տարին բավականին ակտիվ է եղել ՀՀ-ԵՄ համագործակցության առաջմղման առումով․ փետրվարին Երևանում տեղի է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և մշտական հանձնաժողովների նիստերը, ապրիլի վերջին՝ Հայաստան-ԵՄ գործընկերության կոմիտեի երրորդ նիստը, իսկ մայիսի 18-ին նախատեսվում է անցկացնել Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի չորրորդ նիստը։

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման վերաբերյալ։

Հայկական կողմը ընդգծել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծման կարևորությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի համար կարևոր նշանակություն այս հարցերի վերաբերյալ համապատասխան բանաձևերի և զեկույցների ընդունման միջոցով Եվրախորհրդարանի արտահայտած սկզբունքային դիրքորոշման համար։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հանդիպումներ է անցկացրել նաև Անդրեյ Կովաչևի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի և Եվրոպական խորհրդարանի այլ պատգամավորների հետ։

Եվրապատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը նրան է շնորհել ՀՀ ԱԳՆ առաջին աստիճանի Պատվո մեդալ՝ Հայաստանի ու Եվրամիության միջև միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում ունեցած զգալի ներդրման համար։

Лента

Рекомендуем посмотреть