Բազկամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել 44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած, ծագումով Շահումյանի շրջանից Սարգիս Հարությունյանը։
«Նա եզրափակիչում հաղթել է Թուրքիայի մարզիկին։ Շնորհավորում ենք ուժի, կամքի, հերոսության մարմնավորող Սարգսին փայլուն արդյունքի համար»,-գրել է «Հյուսիսային արցախ. Շահումյան, Գետաշեն» ֆեյսբուքյան էջը։
Մայիսի 7-14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությանը, ընդհանուր, առմամբ, Հայաստանի ներկայացուցիչները 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Հայաստանի բազկամարտի հավաքականի մարզիկները 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) փոխանցմամբ՝ Հայաստանի բազկամարտի հավաքականի կազմում ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի մարզիկները թիմային հաշվարկով զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը` առաջ անցնելով Թուրքիայի հավաքականից։
Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ արդյունքներն ավելի քան գոհացնող են: Նրա գնահատմամբ՝ բավականին լուրջ արդյունքներ ենք գրանցել, մեր մարզիկները մասնակցել են գրեթե բոլոր դասակարգումներում, տարբեր քաշային կարգերում՝ աջ և ձախ ձեռքով:
Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահն ընդգծել է, որ առաջնության մասնակիցներից 6-ը հաշմանդամություն են ձեռք բերել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում: Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ հատկապես ուրախացրել է Սարգիս Հարությունյանի գրանցած արդյունքը.
«Սարգիսը, որն Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում է հաշմանդամություն ձեռք բերել, աջ ձեռքով ոսկե մեդալ նվաճեց՝ եզրափակչում առավելության հասնելով Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ: Երկար տարիներ է, ինչ մրցակիցը մարզվում է ու բավականին փորձառու է»:
Հավելենք՝ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ֆեդերացիայի աջակցությամբ Հայաստանի բազկամարտի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 14 մարզիկ, նրանք արդեն Երևանում են: