«Շարունակում ենք աշխատել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաչափով». Պուտինը՝ Փաշինյանի հետ առանձնազրույցում - RadioVan.fm

Онлайн

«Շարունակում ենք աշխատել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաչափով». Պուտինը՝ Փաշինյանի հետ առանձնազրույցում

2022-05-16 23:15 , Политика, 1103

«Շարունակում ենք աշխատել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաչափով». Պուտինը՝ Փաշինյանի հետ առանձնազրույցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք՝ քննարկելու երկկողմ օրակարգի հարցերն ու տարածաշրջանային խնդիրները: Այնուամենայնիվ, հարցերը միշտ շատ են, դա ակնհայտ է՝ վկայում է մեր երկխոսության ինտենսիվության մասին: Ես մեր երկկողմ ձևաչափով զրույցի սկզբում կցանկանայի նշել, որ նախորդ տարվա կտրվածքով դիտարկում ենք առևտրաշրջանառության զգալի աճ, շարունակվում են ներդրումները, ակտիվորեն շարունակում ենք աշխատել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաչափով` Ադրբեջանի գործընկերների հետ միասին: Հարցերը շատ են, ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու հնարավորության և բոլոր թեմաների շուրջ խոսելու համար»,-վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ իր խոսքում նշել է ՌԴ նախագահը:

Իր հերթին ՀՀ վարչապետը նշել է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովի կազմակերպման և ավանդական ջերմ ընդունելության համար: Իհարկե, Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակը նշանակալի իրադարձություններ են, և կարծում եմ՝ մենք ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն: Շատ կարևոր է, որ այդ խոսակցությունն ուղղված է ապագային, մեր կազմակերպության հետագա զարգացմանը:

Իհարկե, ամիս էլ չի անցել Ռուսաստանի Դաշնություն իմ առաջին պաշտոնական այցից հետո: Մենք այն ժամանակ էլ ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն, և ինչպես Դուք ճիշտ նկատեցիք՝ մեր երկկողմ օրակարգն այնքան հագեցած է, որ կարելի է ավելի հաճախ հանդիպել: Մենք գտնվում ենք մշտական կապի մեջ, հաճախ հեռախոսազրույցներ ենք ունենում: Տնտեսության առումով ցանկանում եմ նկատել, որ մարտ ամսին որոշակի անկումից հետո նկատվում է երկկողմ տնտեսական կապերի ակտիվացում: Մենք տեսնում ենք ներդրումային հետաքրքրություն ռուսական բիզնեսի կողմից, որն ուզում է ներդրումներ կատարել Հայաստանում: Եվ գիտեմ, որ այս հարցում Դուք ևս քաջալերում եք ռուսաստանցի գործարարներին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար:

Իհարկե, հույս ունեմ, որ այսօր կքննարկենք նաև տարածաշրջանային անվտանգության, կայունության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նշեցինք մեր համատեղ հայտարարության մեջ՝ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարման հետ կապված հարցեր: Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ, այնպես որ ևս մեկ անգամ շնորհակալ եմ հանդիպման համար»:

Հիշեցնենք՝ աշխատանքային այցով Մոսկվա մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների առաջնորդների հանդիպմանը, որում, հանդես գալով ելույթով, Փաշինյանը շեշտել է, որ «ցավոք, չի կարող ասել, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման ժամանակ ՀԱՊԿ-ը արձագանքել է այնպես, ինչպես ակնկալում էր ՀՀ-ն»:

Лента

Рекомендуем посмотреть