«Երկիրն այս վիճակից դուրս բերելու և՛ ծրագիրը կա, և՛ թիմը կա». Սաղաթելյան - RadioVan.fm

Онлайн

«Երկիրն այս վիճակից դուրս բերելու և՛ ծրագիրը կա, և՛ թիմը կա». Սաղաթելյան

2022-05-16 18:06 , Политика, 992

«Երկիրն այս վիճակից դուրս բերելու և՛ ծրագիրը կա, և՛ թիմը կա». Սաղաթելյան

«Մեր երկիրը պետք է ունենա ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման ընթացքը, կապահովի սահմանների անձեռնմխելիությունը, կիրագործի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հիմնական գործառույթը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի արժանապատիվ, արդար, բարեկեցիկ երկիր»,-այդ մասին Ֆրանսիայի հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժման հավաքին հայտարարել է Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ պետք է պոպուլիզմին, ստին, պարտվողականությանը, քաոսին այլընտրանք առաջարկող իշխանություն, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի պատմական ու քաղաքական պատասխանատվություն, կօգտագործի անցյալի դրականը, կմերժի բացասականը, կհամադրի փորձը և երիտասարդությունը, իրապես կառաջնորդվի արժանավորների իշխանության սկզբունքով, կառաջարկի ներկա վիճակից դուրս գալու լուծումներ, կտա ապագայի տեսլական:

«Նիկոլին հեռացնելուց հետո առաջին մեր երեք քայլերը լինելու են պետության ողնաշարըհանդիսացող համակարգերի վերակենդանացումը,

-Սպառողական, արժեք չստեղծող տնտեսության փոխարեն՝ մրցունակ ու առաջադեմ, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն,

-Կազմաքանդված, բարոյալքված բանակի փոխարեն՝ իրապես մարտունակ,սպառազինություններով հագեցածզինված ուժեր,

-մուրացիկ դիվանագիտության փոխարեն ազգային շահերի վրա հիմնված պրոֆեսիոնալ, նախաձեռնողական, գործընկերային, բայց ոչ ստրկական արտաքին քաղաքականություն։ Արտաքին քաղաքականության ոլորտում պետք է հանդես գանք մեր օրակարգով, Արցախի ու Հայաստանի շահերն սպասարկող օրակարգով»,-հայտարարել է Սաղաթելյանը:

Նշենք՝ Սաղաթելյանը հայտարարել էր նաև, որ երկուշաբթի օրվանից՝ մայիսի 16-ից, նոր թափով վերսկսվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները: Իր հրավիրած մամլո ասուլիսից էլ առանձնացրել էր հետևյալ կետերը.

-«Դիմադրություն» շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի՝ նշաձող իջեցման գործընթացը։

-«Դիմադրություն» շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, և մեր միջազգային գործընկերների համար ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը։

-«Դիմադրություն» շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում, և Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։

-«Դիմադրություն» շարժումն ակնհայտ է դարձրել, որ կա ձևակերպված հանրային պահանջ այս իշխանություններին հեռացնելու համար։

-«Դիմադրություն» շարժումը բացառիկ է իր ծավալներով ու շերտերով և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է։

-Օրվա իշխանության քաղաքականությունը շատ հստակ է․ Արցախը մտցնել Ադրբեջանի կազմ՝ անվտանգության և մարդու իրավունքների լայն երաշխիքներով.

Այդ լուծումը բելելու է Արցախի հայաթափման և կորստի:

-Այն պայմանավորվածությունը, որ Փաշինյանը փորձում է ձեռք բերել Ադրբեջանի հետ, խաղաղության պայմանագիր չէ։ Դա հայրենազրկման և Հայաստանի պետականությունը կորցնելու պայմանագիր է, հետևաբար այն մեր կողմից անընդունելի է։

-Շատերն են փորձում պառակտել շարժումը, բայց «Դիմադրություն» շարժումը վերկուսակցական է․ բոլորը համախմբվել են Արցախի գաղափարի շուրջ։

-Պետք է ստեղծենք լավագույն հավաքականը, ովքեր պատրաստ են ստանձնել հավաքական պատասխանատվություն երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։

-Եթե անհրաժեշտություն լինի, կվերադառնանք խորհրդարան, բայց բացառապես մեր օրակարգով։

-Ոստիկանության մեջքի հետևում թաքնվող և ընդդիմության հասցեին խոսացող ՔՊ-ականներին կոչ եմ անում զուսպ լինել․ թող իրենց անցյալը նայեն, ներկան ու երբեմն էլ մտածեն իրենց ապագայի մասին։

-Իշխանությանը հեռացնելու համար անհրաժեշտ է երկրում ստեղծել լիարժեք երկիշխանություն, հասնել նրան, որ պետական կառավարման համակարգն այլևս չկարողանա ծառայել մեկ մարդուն։

-Մենք պետք է էլի ավելացնենք շարժման ծավալները։ Դրա համար պատշգամբներից մեզ աջակցող, մեր պես մտածող բոլոր մարդիկ պետք է դուրս գան փողոց։

-Հաջորդ շաբաթ մենք մարտավարության որոշ փոփոխություններ ենք ունենալու։

-Ռուսաստանը մնում է մեր հիմնական ռազմավարական դաշնակիցը։ Մեզ համար կարևոր են նաև կայուն հարաբերություններն Իրանի և Արևմուտքի հետ, բայց այդ ամենը չպետք է լինի մեկը մյուսի հաշվին։

Лента

Рекомендуем посмотреть