«Հիմա ես տեսնում եմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը դիվանագիտական լեքսիկոնին ոչ հարիր տեքստեր է ասում, ես ձեզ վստահեցնում եմ, որ ինչ մակարդակում, ինչ ձևով ներկայացվել են իրենց հինգ կետերը, նույն համատեքստում ներկայացվել են մեր առաջարկները, որոնք այդպես կոչված վեց կետերն են, պատասխանը վեց կետերից է բաղկացած։ Դա ինչ ձև է, ասել՝ դա ինչ առաջարկ է, դա ընդհանրապես դիվանագիտական էթիկայի մեջ չտեղավորվող վարվելակերպ է։ Ի սկզբանե փորձում է նսեմացնել այդ պատասխանը՝ իր վերաբերմունքով»,-«Առաջին ալիք»-ի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հաղորդավարի դիտարկմանը, որ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե իրենց հինգ առաջարկներին ի պատասխան Հայաստանի առաջարկները դժվար է առաջարկ համարել։
Մարուքյանը հավելել է, որ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպմանը պայմանավորվածություն է բերվել, որ իրենց հինգ կետերի և մեր վեց կետերի համատեքստում կարող ենք սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, այնուհետ, բանավոր ներկայացրել է Հայաստանի ներկայացրած վեց կետերը՝ ոչ պաշտոնական թարգմանությամբ, նա նշել է, որ առաջարկներով փաստաթուղթը ռուսերեն է:
Բաքվին ներկայացրած առաջարկները՝ ստորև.
1. Առաջին կետում նշված է, որ մարտի 11-ին ստացել ենք Ադրբեջանի՝ պայմանագրի վերաբերյալ առաջարկը, ինչին պատասխանում ենք,
2. ՀայաստանիՀանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի հանրապետության նկատմամբ,
3. Հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքերի և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը,
4. Հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի՝ նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները (ռազմագերիների վերադարձ, ճանապարհների ապաշրջափակում),
5. Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և Քաղաքական միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա,
6. Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագայությանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք՝ որպես խաղաղության բանակցությունների մեկնարկային աշխատանքային փաստաթուղթ ՀՀ-ն այս առաջարկներով պատասխանել է ադրբեջանական կողմի ներկայացրած հինգ կետերին, որոնք ամրագրում են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչման դրույթները։