Առողջապահության նախարարությունը տարածած հաղորդագրությամբ պաշտոնապես հերքում է համացանցում տարածվող լուրերը, թե հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա, ծխելու մասին արգելքը հանվելու է:
Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ նման քննարկում չկա, օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ:
Առողջապահության նախարարությունը հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման վերաբերյալ ահազանգող քաղաքացիներին հայտնում է, որ համաձայն «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ը. ենթակետի՝ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) օգտագործումը հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ) արգելվում է:
Ընդգծվում է, որ նշված դրույթի կիրարկման նկատմամբ վերահսկողությունը վերապահված է ՀՀ ոստիկանությանը՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի: Ուստի, նման խախտում հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է դիմել Ոստիկանություն, թեժ գծի հեռախոսահամարն է՝ 102:
Հավելենք՝ առողջապահական գերատեսչությունը նաև ներկայացրել է ինֆոգրաֆիկա՝ ՀՀ-ում ծխախոտին վերագրվող տարեկան մահերի թվի վերաբերյալ: