Շահագրգռված ենք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում դրական արդյունք ունենանք․ Փաշինյանը՝ Օվերչուկին և Ռուդենկոյին - RadioVan.fm

Онлайн

Շահագրգռված ենք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում դրական արդյունք ունենանք․ Փաշինյանը՝ Օվերչուկին և Ռուդենկոյին

2022-05-12 23:13 , Политика, 1128

Շահագրգռված ենք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների  բացման հարցում դրական արդյունք ունենանք․ Փաշինյանը՝ Օվերչուկին և Ռուդենկոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ողջունել է հյուրերին և նշել.

«Ուրախ եմ ձեզ տեսնել, ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ բարձր ենք գնահատում տարածաշրջանային կոմունիկացիաների, ավտոմոբիլային, երկաթուղային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արդեն իրականացված աշխատանքի համար: Գիտեք, թե մեզ համար որքան կարևոր է այդ թեման, քանի որ երբ մենք կոնկրետ լուծումների գանք, այն կփոխի իրավիճակը տարածաշրջանում ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական, հոգեբանական, անվտանգության իմաստով: Գիտեք, թե մենք որքան շահագրգռված ենք, որպեսզի դրա հետ կապված կոնկրետ և դրական արդյունք ունենանք: Մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել: Մոսկվա կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում սա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ քննարկվող առանցքային թեմաներից մեկն էր: Եւ ես շատ ուրախ եմ, որ սրա կապակցությամբ մենք մեր ընդհանուր մոտեցումները, մեր ընդհանուր դիրքորոշումներն ամրագրեցինք:

Ինչ վերաբերում է այդ թեմայի հետ կապված հետագա աշխատանքին, այդ թեման ունի նաև տեխնիկական կողմ, որը, կարծում եմ՝ այնքան էլ բարդ չէ: Բայց որպեսզի մենք կոնկրետ և արդյունավետ լուծումներ ունենանք, պետք է լուծել բոլոր իրավաբանական հարցերը, ընթացակարգային հարցերը, որոնք ոչ միայն մեզ կօգնեն արագորեն կոնկրետ լուծումների հանգել, այլ նաև այդ լուծումները կդառնան ավելի հիմնավորված և ավելի ուժեղ, եթե կարելի է այդպես ասել: Եվ մեխանիզմը երկարաժամկետ հեռանկարում արդյունավետորեն կաշխատի: Վստահ եմ, որ մենք բոլորս տրամադրված ենք նման աշխատանքի: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել իրականացված նման աշխատանքի համար: Հույս ունեմ և վստահ եմ, որ հետագայում ևս այդ աշխատանքն արդյունավետ կլինի, պարզապես պետք է որքան հնարավոր է շուտ գալ կոնկրետ լուծումների»:

Իր հերթին Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել.

«Իսկապես, բոլորովին վերջերս մենք Ձեզ հետ հանդիպեցինք Մոսկվայում, որտեղ գտնվում էիք պաշտոնական այցով, այցելեցիք Մոսկվա և Նիժնի Նովգորոդ: Մի ամբողջ շարք հանդիպումներ եղան՝ և՛ Վլադիմիր Պուտինի, և՛ Միխայիլ Վլադիմիրի, և Վալենտինա Մատվիենկոյի հետ: Կայացած հանդիպումների արդյունքներով, մեր պրոֆիլային նախարարությունները առաջադրանքներ ստացան, և մենք դրանց ուղղությամբ աշխատում ենք: Եվ ուզում եմ շատ կաևոր պահ նշել, որին Դուք ուշադրություն հրավիրեցիք Ձեր այցի ժամանակ, դա այն է, որ ամբողջությամբ հանվեն կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները: Հիմա օպերատիվ շտաբը նման որոշում է կայացրել՝ մայիսի 16-ից բոլորը կհանվեն և հնարավոր կլինի և ավտոճանապարհներով երթևեկել, և ինքնաթիռներով: Այսինքն՝ բոլոր այս հարցերը, որոնք իսկապես մեր երկրների միջև շփումները հետաձգում էին, այսօր հանվում են: Բացի այդ, մենք նաև Ձեզ հետ որոշումներ ընդունեցինք առևտրային ոլորտի բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք այսօրվա թեմայի համատեքստում շատ կարևոր են: Պատրաստ ենք հետագայում ևս նույն ոգով շարունակել համագործակցությունը և զարգացնել այն:

Այսօր, իհարկե, եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների մասին կցանկանայինք խոսել: Մենք լիարժեքորեն և ամբողջությամբ կիսում ենք Ձեր գնահատականները Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների հաստատման հարցում: Իրոք, երբ դա տեղի ունենա, դա ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան: Եվ իսկապես նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա և լրացուցիչ ազդակ ստանա, և դրա հետ կապված նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը: Սրա հետ կապված մենք, իհարկե, առավելագույն ջանքեր ենք գործադրում և՛ Մհեր Գրիգորյանի, և՛ Շահին Մուստաֆաևի հետ, որպեսզի այդ հարցերը լուծենք: Եվ ինչպես Դուք ճիշտ նկատեցիք, իհարկե շատ կարևոր են իրավաբանական և ընթացակարգային լուծումները»:

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին և Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին:

Лента

Рекомендуем посмотреть