Սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-17-ը, Մոսկվայում. Միրզոյանը՝ Լավրովին - RadioVan.fm

Онлайн

Սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-17-ը, Մոսկվայում. Միրզոյանը՝ Լավրովին

2022-05-12 22:03 , Политика, 1012

Սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-17-ը, Մոսկվայում. Միրզոյանը՝ Լավրովին

Մայիսի 12-ին ԱՊՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Արտգործնախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել ապրիլի 19-20-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքների և երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։

Կողմերն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների իրականացման ընթացքին:

Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորման հետ կապված հարցեր:

Ընդգծվել է տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման անհրաժեշտությունը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերի և Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ նախատեսվող եռակողմ հանդիպման վերաբերյալ:

Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում դաշնակցային հարաբերությունների ու ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Նշենք՝ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը գրում է, որ Հայաստանի արտգործնախարարը ռուս պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստը:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր ադրբեջանցի գործընկերների հետ զրուցել ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու հարցի շուրջ։ Եւ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, կարծես թե, պայմանավորվածություն կա, որ մայիսի 16-17-ը Մոսկվայում կհանդիպեն հաղորդակցության հարցերով, և նաև պայմանավորվածություն կա, որ նույն տեղում՝ Մոսկվայում, նույն օրերին կկազմակերպվի երկկողմ հանդիպում սահմանազատման և սահմանների անվտանգության վերաբերյալ»,-Սերգեյ Լավրովին ասել է Արարատ Միրզոյանը:

Лента

Рекомендуем посмотреть