Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր՝ մայիսի 12-ին, կժամանի Երևան:
Օվերչուկի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի մասին որոշում է ստորագրել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հետ նախագահում է 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյանի-Պուտին-Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության համաձայն տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը։
Հայտարարվել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։ Հայաստան-Ադրբեջան երկաթուղու՝ Մեղրիի հատվածի դաշտային աշխատանքները մեկնարկել են։
Ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երկաթուղին գործելու է սահմանային և մաքսային միջազգային կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության ներքո: Հայաստանի տարածքում այս հարցերը կարգավորվելու են Հայաստանի օրենսդրությամբ:
Մոսկվայում ապրիլի 19-ին կայացած Գրիգորյան-Օվերչուկ հանդիպմանն անդրադարձ է եղել Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնմանը։