Այսօր ծննդյան 70-ամյակն է տոնում Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը։
Բանաստեղծին տարեդարձի առիթով շնորհավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը։
Նախարարի ուղերձում, մասնավորապես, ասված է․
«Հարգելի՛ պարոն Միլիտոնյան,
Գրականությունը սերնդափոխություն է, մարդիկ են, որոնք «համընդհանուր տեքստ»-ին են ավելացնում իրենց տողը: Այդ սերնդափոխությունն անառարկելի էր 60-70-ականներին, երբ երևան եկան նոր ասելիքով երիտասարդներ: Նրանցից շատերը մնացին կես ճանապարհին, շատերին էլ, որոնց թվում էիք Դուք, վիճակված էր նոր խոսքը հասցնել նոր ժամանակներ:
Շատ են այն գրողները, որոնք փորձել են ստեղծագործել տարբեր ժանրերում, բայց քիչ են այդ գործում հաջողածները: Դուք այդ քչերից եք: Ձեր մանկական գործերը, պատմվածքներն իսկապես սիրված են և ճանաչված:
Բավական է նշել 2018 թ. մանկական գրականության հեղինակավոր Անդերսենի մրցանակի հավակնորդների ցանկում ընդգրկվելու փաստը, որ պատիվ է գրական համայնքի և ամեն երկրի համար: Եվ մանկագրի տաղանդն ու մանկան աչքերով աշխարհին նայելու ունակությունն են պահպանում Ձեր կենսուրախությունն ու զվարթությունը:
Տասնյակ լեզուներով թարգմանված Ձեր ստեղծագործությունները կարևոր նշանակություն են ունեցել հայ ժամանակակից գրականության հանրայնացման գործում:
Ձեր բեղուն կյանքի տարիներին, ունենալով պետական և հասարակական տարբեր հանձնառություններ, նպաստել եք մշակույթի ոլորտի զարգացմանը: Եվ այսօր էլ պատվով շարունակում եք Ձեզ վստահված պատասխանատու գործը:
Ընդունեք, խնդրեմ, անսպառ ներշնչումների և լավատեսության մեր անկեղծ մաղթանքները»: