Արցախի Հանրապետության (ԱՀ) Մարտակերտ քաղաքում բացվել է Հանրապետության առաջին ռուսական կենտրոնը: Նախաձեռնության հեղինակը ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանն է, ում, երկրի ղեկավարի հանձնարարականով, աջակցել է նախագահի աշխատակազմի Ռուսաց լեզվի բաժինը, իսկ կենտրոնի բացմանը ֆինանսապես օգնել են ռուսաստանաբնակ բարերարներ Վահագն Խաչատրյանն ու Արթուր Արզումանյանը:
«Ընթացիկ տարվա փետրվարից հանրապետության մարզկենտրոններում և մայրաքաղաք Ստեփանակերտում 7-14 տարեկան դպրոցականների համար անց են կացվել ռուսաց լեզվի անվճար դասընթացներ, որից հետո նրանց տրվել են վկայականներ»,-«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է ԱՀ նախագահի աշխատակազմի Ռուսաց լեզվի բաժնի վարիչ Սեյրան Կարապետյանը՝ նշելով, որ Արցախում ռուսական կենտրոնների ստեղծումը նպատակ ունի նպաստելու հայ և ռուս ժողովուրդների միջև ժամանակի կողմից փորձված բարեկամության ամրապնդմանը և զարգացմանը։
Նշվում է, որ առաջիկայում ռուսական կենտրոններ կբացվեն նաև Ասկերանում և Մարտունիում: