Երևանյան լիճը մաքրվում է 50 տարվա աղբից․ 12 000 խմ, օրական՝ 40 մեքենա աղբ արդեն տեղափոխվել է - RadioVan.fm

Онлайн

Երևանյան լիճը մաքրվում է 50 տարվա աղբից․ 12 000 խմ, օրական՝ 40 մեքենա աղբ արդեն տեղափոխվել է

2022-05-12 16:50 , Общество, 1413

Երևանյան լիճը մաքրվում է 50 տարվա աղբից․ 12 000 խմ, օրական՝ 40 մեքենա աղբ արդեն տեղափոխվել է

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով արդեն մեկ ամիս է՝ Երևանյան լճում մեկնարկել է մաքրելու գործընթացը, հանգստի գոտին մաքրվում է շուրջ 50 տարվա աղբից:

Ծրագրի ընթացքին տեղում հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«25000 քմ տարածք արդեն մաքրել ենք, որտեղից շուրջ 12 000 խմ աղբ է տեղափոխվել, օրական՝ 40 մեքենա»,-ասել է Երևանյան լճի մաքրման աշխատանքները համակարգող Անդրանիկ Մելիքյանը:

Ծրագրի համար բյուջետային մասհանումն ու համայնքի միջոցներից հատկացումների ծավալը հասնում է շուրջ 80 մլն դրամի:

«Քանի որ Երևան համայնքին բնապահպանական վճարներ է ստանում՝ ծրագիրը ներկայացրեցինք կառավարություն և հավանություն ստացանք՝ սկսելու մաքրման աշխատանքները: Ծավալն, իհարկե բավականին մեծ է, այս տարի առաջին անգամ ենք իրականացնում: Ծրագիրը լինելու է շարունակական, և մենք արդեն նոր մրցույթ ենք հայտարարել, որ մաքրման աշխատանքներն աշնանը շարունակենք»,-քաղաքապետարանի փոխանցմամբ՝ նշել է քաղաքապետը:

Հաղորդվում է, որ աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում՝ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետևանքով: Միջավայրի համար պակաս վտանգավոր չեն լճում աճող եղեգնը: 16 հա զբաղեցնող եղեգնուտը հանգեցնում է ջրի չնախատեսված կորստի: Եղեգնուտը չորացնելու միջոցառումները մեկնարկել են դեռևս նախորդ տարվանից:

«Մեր գիտնականներից մեկը դիմում էր գրել, թե եղեգնը մեր գյուղատնտեսությանն ու ընդհանուր ջրային պաշարներին ինչ վնաս է հասցնում, օրինակ, մեկ եղեգնը ընդհանուր առմամբ շուրջ 300 լիտր ջուր է գոլորշիացնում: Անօդաչու սարքով կարողացանք հատուկ լուծույթով ամբողջ մակերևույթը ծածկել: Այս հատվածը հիմա պետք է եղեգնով պատված լիներ, ինչպես տեսնում եք՝ մաքուր է»,- նկատել է Հրաչյա Սարգսյանը:

Ծրագրով Հրազդան գետի վրա կտեղադրվի նաև ճաղավանդակ, կիրականացվեն աղբաորսիչ միջոցառումներ:

«Տեսնում եք, որ պլաստիկե շշեր և տարբեր առարկաներ են այս պահի դրությամբ ջրին լողում: Դրանց հոսքը կսահմանափակվի, և այլևս հնարավոր չի լինի, որ Հրազդան գետով այդ ամբողջ աղբը հասնի լիճ: Բացի այդ, այս ծրագրով ջրի մակերևույթը բավականին կբարձրանա, որը հնարավորություն կտա Արարատյան դաշտ ուղարկվող ջրի ծավալն ավելացնել և արդյունավետ օգտագործել»,-ընդգծել է քաղաքապետը:

Երևանյան լիճը մաքրելուն զուգահեռ, ի դեպ, համայնքը նախաձեռնել է նաև տարածքում հանգստի գոտի կառուցելու ծրագիրը, որի համար հարկ կլինի ծախսել շուրջ 190 մլն դրամ: Կբարեկարգվի լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, որից 2.1 հա-ը կլինի կանաչ տրածք, կանցկացվի 1100 գծամետր ոռոգման ցանց, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, շուրջ 500մ երկարությամբ հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի արևային էներգիայով աշխատող՝ էներգախնայող լուսատուներով:

«Սա Երևանի լավագույն միջավայրներից մեկն է, որը, ցավոք սրտի, աղտոտում ենք և հիմա պետական ու համայնքային բյուջեից գումարներ ենք ծախսում վերականգնելու համար: Ուրախ կլինեմ, եթե մեր քաղաքացիները Երևանը, մեր հայրենիքը մաքուր պահեն և դրանով նպաստեն մեր երկրի զարգացմանը»,-ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:

Երևանյան ջրամբարը կառուցվել է դեռևս 1970թ.՝ Հրազդան գետի վրա, նախկին Նոր Կողբ գյուղի տարածքում: Այն լուծում է ոչ միայն ոռոգման ջրի պաշար կուտակելու խնդիրը, այլև, հաշվի առնելով Երևանի կլիմայական պայմանները, ամռանը մեղմում է քաղաքի շոգը, իսկ ձմռանը՝ ցուրտը:

Մի քանի ուղղություններով իրականացվող կարևոր այս ծրագրի ավարտից հետո Երևանյան լիճը կդառնա նաև քաղաքի բնակիչների ու հյուրերի նախասիրած հանգստավայրերից մեկը:

Лента

Рекомендуем посмотреть