ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիր ուժերի ապրիլի 25-ից մեկնարկած «Դիմադրություն» շարժման համակիրներն այսօր Երևանում կրկին տարբեր ուղղություններով ավտոերթեր են սկսել, զուգահեռ իրականացվում են անհնազանդության ակցիաներ, որի շրջանակում մետրոյի վագոններից մեկի հատակին փակցվել է վարչապետի լուսանկարով պաստառ՝ մերժման նշանով։
«Որպես մեր բողոքի դրսևորում այսօր Երևանի Մետրոպոլիտենում փակցրել ենք այս սթիքերը:
Նիկոլով Հայաստանը և մեր երազանքներն անհամատեղելի են:
Ինքը պիտի գնա, որ մենք ապրենք, երազենք, երջանիկ լինենք, հարսանիք ու ծնունդ պլանավորենք, Հայաստանի մարզեր այցելենք, հայերեն խոսենք, քրիստոնյա մնանք:
Ժամը 16:00-ին արի՛ Ֆրանսիայի հրապարակ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Քրիստինե Վարդանյանը։
Նշենք՝ 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում հավաք է նախատեսված։