Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի փոխանցմամբ՝ Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։
Հիշեցնենք՝ Դուշանբեում կայանալիք արտգործնախարարների եռակողմ հանդիպման մասին հայտնի էր դարձել օրերս։ Նախարար Միրզոյանը ապրիլի 29-ին ռուս պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում համաձայնություն էր հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին։