Առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը։
Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Այս ծրագրերը էապես վերափոխելու են Երևանի ողջ տրանսպորտային համակարգը և լուծելու են օդի աղտոտվածության՝ Երևանի համար լրջագույն դարձած խնդիրը։
Երեկ, ՎԶԵԲ-ի 2022թ.-ի տարեկան ժողովի շրջանակներում, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպեցինք ՎԶԵԲ-ի Եվրասիայի տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերի գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկին և Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Կատարինա Հանսեին։
Ի թիվս այլ հարցերի, քննարկեցինք վերոնշյալ ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները»,-գրել է Ավինյանը։