«Մեր ձեռքի տակ չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել, կան հիմնավորումներ Արծվաշենի՝ Հայաստանին պատկանելության մասին»․ Մարուքյանը՝ Խալաֆովի հայտարարությանը - RadioVan.fm

Онлайн

«Մեր ձեռքի տակ չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել, կան հիմնավորումներ Արծվաշենի՝ Հայաստանին պատկանելության մասին»․ Մարուքյանը՝ Խալաֆովի հայտարարությանը

2022-05-10 15:03 , Политика, 1129

«Մեր ձեռքի տակ չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել, կան հիմնավորումներ Արծվաշենի՝ Հայաստանին պատկանելության մասին»․ Մարուքյանը՝ Խալաֆովի հայտարարությանը

Չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակակլությանը տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի՝ Տավուշի շրջանի (ադր՝ Ղազախ) յոթ գյուղերը և Արարատի մարզի Տիգրանաշեն (ադր՝ Քյարքի) գյուղը Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելու հարցը սահմանազատման համատեքստում լուծելու վերաբերյալ հայտարարությանը:

«Արմենպրես»-ի հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ։

-Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆովը հայտարարել է, թե ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններ սկսել Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի հիման վրա: Ըստ էության նմանատիպ հայտարարություն է արել նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

-Մենք այդ թեմային բազմիցս ենք անդրադարձել: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը դեռևս 2022 թվականի մարտի 21-ին հայտարարել է. «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»: Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաև առձեռն ադրբեջանական կողմին է փոխանցել 6 կետանոց փաստաթուղթը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Հայկական կողմն առաջարկել է երկու օրակարգերի հիման վրա սկսել բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը համաձայնվել է այս մոտեցմանը, որից հետո խաղաղության պայմանագրի բանակցություններ ձեռնարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

-Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալը նաև հայտարարություն է արել, իր խոսքով ասած, Ղազախի շրջանի 7 գյուղերի և Տիգրանաշենի (Քյարքի)`Ադրբեջանին վերադարձնելու մասին՝ նշելով, որ այդ հարցերը կլուծվեն դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում:

-Մենք բազմիցս ասել ենք, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները պետք է տեղի ունենան դե յուրե նշանակություն ունեցող փաստերի և փաստաթղթերի հիման վրա: Այս պահին մեր ձեռքի տակ չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Ընդհակառակը, կան իրավական հիմնավորումներ Արծվաշեն գյուղի՝ Հայաստանին պատկանելության մասին: Նույնը վերաբերում է նաև Հայաստանին պատկանող մի շարք տարածքների՝ ներառյալ Սոթք-Խոզնավար հատվածում, որտեղ նախորդ տարվա մայիսին ադրբեջանական զորքերի ապօրինի ներխուժման հայտնի դեպքը տեղի ունեցավ: Այս հարցերը, իհարկե, պետք է քննարկվեն և լուծում ստանան դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում:

Հավելենք՝ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի վերը հիշատակված հայտարարությանը, ընդգծել է, որ Տավուշի նշվող գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը, դրանք պատմական հայկական հողեր են։ Թաթոյանը հայտարարել է, որ դրանք Ադրբեջանի կազմ դելիմիտացիայի գործընթացով «վերադարձնելը» անընդունելի ու կործանարար է։

Лента

Рекомендуем посмотреть