Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Նիդերլանդների Թագավորություն:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Փաշինյանը կհանդիպի Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեի, Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի, ինչպես նաև Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև Փաշինյանի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի վարչապետը կմասնակցի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական բացմանը, կշրջի Խաղաղության Պալատում, կմասնակցի Միջազգային խաղաղությանը Հայաստանի ներդրումը խորհրդանշող հայկական խաչքարի բացման արարողությանը:
Փաշինյանը կայցելի նաև Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ, որտեղ հանդես կգա «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն-30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ: