Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Տիգրանաշենը և Տավուշի 7 գյուղերը «վերադարձնելու» հարցը սահմանազատման համատեքստում լուծելու մասին - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Տիգրանաշենը և Տավուշի 7 գյուղերը «վերադարձնելու» հարցը սահմանազատման համատեքստում լուծելու մասին

2022-05-10 13:44 , Политика, 1323

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Տիգրանաշենը և Տավուշի 7 գյուղերը «վերադարձնելու» հարցը սահմանազատման համատեքստում լուծելու մասին

Տավուշի շրջանի (ադր․՝ Ղազախ) յոթ գյուղերը և Արարատի մարզի Տիգրանաշեն (ադր․՝ Քյարքի) գյուղը Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելու և հարակից այլ հարցերը պետք է լուծվեն սահմանազատման համատեքստում։

Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) փոխնախարար Խալաֆ Խալաֆովը՝ ընդգծելով, որ Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ այդ հողերը Ադրբեջանի տարածքը չեն։

«Այդ հողերը Ադրբեջանի տարածքն են։ Քանի որ այդ տարածքների վերադարձն Ադրբեջանին պահանջում է սահմանազատման գործընթաց, հարցը կդիտարկվի հենց այդ շրջանակում։ Այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը կքննարկվի և լուծում կունենա»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Խալաֆովը։

Հիշեցնենք՝ Արցախի փրկության և իշխանափոխության պահանջով ընդդիմադիր ուժերի ապրիլի 25-ից մեկնարկած «Դիմադրություն» շարժման իրազեկման գործողությունների շրջանակում 4 խորհրդանշական վայրերից դեպի Երևան իրականացված երթերից մեկի մեկնարկային կետը Տավուշի մարզից էր, մյուսը՝ Արարատի Տիգրանաշենից։

«Ինչո՞ւ հենց այստեղից։ Սա այն կետն է, որը Երևանը կապում է Բերդի, Նոյեմբերյանի տարածաշրջանների հետ, գնում է դեպի Ղազախ ու Թբիլիսի։ Ցավոք սրտի, Հայաստանի ղեկին նստած են մարդիկ, որոնք ցանկություն ունեն իմ թիկունքում երևացող տարածքի մի զգալի մաս նվիրել Ադրբեջանին։ Ես պնդում եմ, կրկնում եմ՝ դա երբեք չի լինելու, մենք՝ ժողովուրդը, տավուշցին թույլ չի տալու»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր Իջևանից քայլերթին միացած Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ով 44-օրյա պատերազմում կորցրել է կրտսեր որդուն՝ Աբգարին։

«Այս հողը, որ վրա կանգնած ենք, Նիկոլ Փաշինյանը և իր խունտան համարում են ադրբեջանական, եկել ենք հենց Տիգրանաշենից սկսելու և ասելու՝ սա հայկական հող է և թուրքին չենք զիջելու։ Քայլեթը մեկնարկելու ենք հենց այստեղից և պնդելու ենք, որ այս տարածքները, Նիկոլը և Ալիևը սա համարում են ադրբեջանական, հայկական են և մնալու են հայկական»,-իրենց հերթին հայտարարել էին Արարատից մեկնարկած երթի մասնակիցները։

Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ ձևաչափով հանդիպմանը Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, արտաքին գործերի նախարարներին էլ հանձնարարվել է մեկնարկել խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Մինչ դա՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը 2022թ․-ի մարտի կեսերին հանրայնացրեց պաշտոնական Երևանին ներկայացրած՝ հարաբերությունների կարգավորման առաջարկները, որոնք 5-ն են։

Ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Շուշիում մեկնարկած «Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար»-ում, հայտարարել է, թե Ադրբեջանը պաշտոնապես կհրաժարվի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե Երևանը խաղաղության պայմանագիր չստորագրի Բաքվի հետ։ Նա նաև ընդգծել է, որ «մտադիր են Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցել միայն մեր առաջարկած 5 հիմնական սկզբունքների հիման վրա»։

Ապրիլի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հեռախոսազրույց են ունեցել արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ։

Лента

Рекомендуем посмотреть