«Ռուսաստանը շահագրգռված է դաշնակից երկրի կայուն, անվտանգ և խաղաղ զարգացմամբ։ Ռուսական կողմը կարծում է, որ բոլոր հարցերը պետք է կարգավորվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում՝ ժողովրդավարական ընթացակարգերին համապատասխան»,-այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության (ՌԴ ԱԳՆ) տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը՝ այսօր կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին։
Զայցևի գնահատմամբ՝ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերի պատճառը, ինչը նա համարել է երկրի ներքին գործը, ոչ թե եռակողմ պայմանավորվածություններն են, այլ իշխանությունների հայտարարությունները։
«Ինչ վերաբերում է ընթացիկ իրադարձությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապելուն, ապա, ինչպես հասկանում ենք, խոսքը ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին ընդդիմության վերաբերմունքի, այլ Հայաստանի ղեկավարության կողմից որոշակի հայտարարությունների ընկալման մասին է»,-նկատել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ Ռուսաստանն անվերապահորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացման միջոցով, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ: