ՀՀ քննչական կոմիտեից (ՔԿ) հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Նախնական տվյալներով՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված քայլերթի մի խումբ մասնակիցներ, հայհոյանքներ հնչեցնելով և բռնություն գործադրելու սպառնալիքներով, փորձել են ճեղքել հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կազմած «կենդանի պատը» և մուտք գործել Երևան քաղաքի Չարենց փողոցում գտնվող տներից մեկի դարպասներից ներս:
Կատարվում է նախաքննություն: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և վերջիններիս արարքին գնահատական տալու ուղղությամբ»,-ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ գործող իշխանություններին հեռացնելու նպատակով ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 25-ից «Զարթնի՛ր, լաո» կարգախոսի ներքո «Դիմադրության» շարժմամբ փողոցային պայքար են սկսել։ Շարժման համակիրները խաղաղ անհնազանդության ակցիաներ են անում, փողոցներ ու մայրուղիներ փակում, մայիսի 1-ից էլ փակ են պահում Երևանի Ֆրանսիայի հրապարակը։
Մայիսի 4-ին Ֆրանսիայի հրապարակում ընթերցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը, նույն օրը Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանում՝ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ընթերցել է ՀՀ նրա հրաժարականի հանրային պահանջը։
«Դիմադրության» շարժման անդամները մտադիր են վաղը՝ մայիսի 7-ին, խոշոր ավտոերթ անցկացնել։ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «գնալու են մեր գեղեցիկ քաղաքներից մեկը՝ մարզային բնակչության կողքին լինելու, ակտիվացնելու, համախմբելու և միասին Երևան գալու»: