«Ոտքի, ուսանող», «Փաշինյանը իշխանություն չունի»․ ընդդիմությունը Երևանում 4 ուղղություններով երթեր է անում - RadioVan.fm

Онлайн

«Ոտքի, ուսանող», «Փաշինյանը իշխանություն չունի»․ ընդդիմությունը Երևանում 4 ուղղություններով երթեր է անում

2022-05-06 14:46 , Политика, 1206

«Ոտքի, ուսանող», «Փաշինյանը իշխանություն չունի»․ ընդդիմությունը Երևանում 4 ուղղություններով երթեր է անում

Երևանի Ֆրանսիայի հրապարակից, ինչպես երեկ հայտարարել էր Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, կեսօրին մեկնարկել է ընդդիմության՝ «Դիմադրության» շարժման երթը, որն ընթանում է 4 ուղղություններով՝ դեպի Սայաթ-Նովա, Բաղրամյան, Մաշտոց և Հերացի պողոտաներ։

«4 ուղղություններով պարալիզացնելու են երթևեկությունը Երևանում»,-երեկ հայտարարել էր ընդդիմադիր պատգամավորը։

«Տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը թաքնված է մի քանի անվտանգության պատնեշների ետևում, նա իշխանություն չունի և իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից»,-Բաղրամյան պողոտայում հայտարարեցին երթի մասնակիցները։

Բաղրանյան-Պռոշյան խաչմերուկում «Ոտքի, ուսանող» վանկարկումներով երթի մասնակիցները դիմեցին Ամերիկյան համալսարանի՝ պատուհաններից իրենց աջակցություն հայտնող ուսանողներին։

Հիշեցնենք՝ գործող իշխանություններին հեռացնելու նպատակով ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 25-ից «Զարթնի՛ր, լաո» կարգախոսի ներքո «Դիմադրության» շարժմամբ փողոցային պայքար են սկսել։ Շարժման համակիրները խաղաղ անհնազանդության ակցիաներ են անում, փողոցներ ու մայրուղիներ փակում, մայիսի 1-ից էլ փակ են պահում Երևանի Ֆրանսիայի հրապարակը։

Մայիսի 4-ին Ֆրանսիայի հրապարակում ընթերցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը, նույն օրը Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանում՝ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ընթերցել է ՀՀ նրա հրաժարականի հանրային պահանջը։

«Դիմադրության» շարժման անդամները մտադիր են վաղը՝ մայիսի 7-ին, խոշոր ավտոերթ անցկացնել։ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «գնալու են մեր գեղեցիկ քաղաքներից մեկը՝ մարզային բնակչության կողքին լինելու, ակտիվացնելու, համախմբելու և միասին Երևան գալու»:

Лента

Рекомендуем посмотреть