«Այսօր բերման ենթարկված տղաներից առնվազն 40-ը եղել են 44-օրյա պատերազմի մասնակից, եղել են առաջնագծում, կորցրել են ընկերներ. «Բայց ո՞ւր էր Անդրանիկ Քոչարյանն ու իր տղան, մնացածները։ Սրիկայությանը վերջապես չափ ու սահման կա, թե ոչ։
Իսկ եթե իրենք մեզ վախեցնում են լագերներով, բանտարկություններով, իրենց օրը շատ մոտ է, իրենք են դավաճանություն գործել պետության, հայրենիքի նկատմամբ։ Իրենք ի՞նչ իրավունք ունեն այդ թեմայից խոսել։ Միայն սպառնալիք, բռնություն։ Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում ակնհայտ փորձում են մեկ մարդու դիկտատուրա հաստատել։ Դիմում եմ միջազգային կազմակերպություններին, դեսպանատներին, պետք է արձագանքեն, իրենք իրենց լռությամբ նպաստում են որպեսզի օրվա իշխանությունը ապօրինի ճնշումներ գործադրի Հայաստանի քաղաքացիների նկատմամբ»,-այդ մասին այսօր՝ մայիս 5-ին, Ֆրանսիայի հրապարակում հանդես գալով ճեպազրույցով, ասել է Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ «Դիմադրության» շարժման հավաքներից բերման ենթարկվածների տվյալները՝ «բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու նպատակով»՝ պաշտպանության նախարարությանը տրամադրելու ուժայիններին հղած կոչին։
Սաղաթելյանը հայտնել է, որ առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում, Հայաստանի տարբեր քաղաքներում շարունակվել են երթերը, բողոքի անհնազանդության ակցիաները, կային մի շարք փակ փողոցներ, որոնց բաց լինելու մասին ոստիկանության հայտարարությունը, ըստ Սաղաթելյանի, իրականությանը չի համապատասխանել։
Ընդդիմադիր գործչի գնահատմամբ՝ այսօր ոստիկանները բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ կիրառել են խայտառակ անհամաչափ բռնի ուժ, առնվազն 150 բերման ենթարկված ունեն։
«Բերման էր ենթարկվել նաև «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ»-ից Համբիկ Սասունյանը։ Բոլորը գիտեն՝ ով է նա։ Այդ քայլով ոստիկանությունն ու Նիկոլը հավանաբար ցանկանում էին թուրքերին և ադրբեջանցիներին դուր գալ։ Թուրքական մանուլի արձագանքը տեսնեիք՝ որքան երջանիկ, ուրախ էին, որ հայ վրիժառուն, 40 տարի բանտարվելուց հետո, Երևանում մայթեզրին կանգնած հարձակման է ենթարկվում հայ ոստիկանի կողմից»,-ասել է Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ ժողովրդի կամքն անկասելի է, որքան ձերբակալեն՝ այնքան ավելանալու են։
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում։