Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Սի ընդ Էմ ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի՝ որպես ՀՀ տարածքից արտահանման և (կամ) ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով փոխադրման օպերատոր ճանաչելու, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ընկերության միջոցով իրականացվող բեռնափոխադրումների և ծառայությունների մատուցման հետ կապված հաշվարկների կազմակերպման մասին պայմանագրի ձևը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի միջոցով իրականացվող բեռնափոխադրումների և ծառայությունների մատուցման հետ կապված հաշվարկների կազմակերպման մասին պայմանագրի ձևը:
Որոշման ընդունման անհրաժեշտությունը կառավարությունը պայմանավորում է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հնարապետություն միակ գործող ցամաքային ուղու՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվելու հետևանքով ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցմամբ։ Հաշվի առնելով, որ վերոնշյալ ցամաքային ուղուն որպես այլընտրանք դիտարկվող լաստանավի օգտագործումը առավել թանկ է բեռնափոխադրողների համար, և կարող է նվազեցնել հայկական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկաներում, ուստի բեռնափոխադրումների նշված այլընտրանքային միջոցի օգտագործման հետևանքով առաջացող ծախսերի փոխհատուցումը կառավարության կողմից կարող է էականորեն նվազեցնել առկա խոչընդոտները՝ նպաստելով բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացմանը։ Արդյունքում՝ հնարավորություն կտրվի ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար սեզոնային բարձր գների ժամանակահատվածում բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։ Լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև արժանի մրցակցություն կապահովի Վերին Լարսին։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումն ու ընդգծել, որ երկար տարիներ երկիրն առնչվել և առնչվում է Վերին Լարսի թողունակության հետ կապված խնդիրներին, այդ թվում՝ եղանակային պայմաններին:
«Բայց հիմա այս պրոբլեմատիկան ավելի է սրվել: Ինչու՞, որովհետև Ուկրաինայի իրադարձությունների, Սև ծովով, ծովային բեռնափոխադրումների հետ կապված որոշակի սահմանափակումներ են առաջացել, ինչը նշանակում է, որ ծովից բավական մեծ ծավալի բեռներ տեղափոխվել են ցամաքով փոխադրվելուն: Իսկ այդտեղ դարձյալ զուգահեռ ճանապարհի ամբողջը կամ հսկայական մասն անցնում է Վերին Լարսով: Սրա արդյունքում՝ Վերին Լարսի ծանրաբեռնվածությունը չեմ կարող ասել կրկնապատկվել է, եռապատկվել է, թե քառապատկվել, բայց առնվազն այնքան է ծանրաբեռնվել, որ նախկինում բոլորիս իմացած պրոբլեմներն էականորեն ավելացել են:
Հաջորդ կարևոր առանձնահատկությունը, որի հետ կապված ես կուզեի ճշգրտում անել: Երբ ասում ենք կանոնավոր երթուղիներ, նկատի ունենք, որ շաբաթը երկու անգամ կոնկրետ ժամերի այդ փոխադրումն իրականացվում է, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե որ օրն է, որ իրենք կարող են այդ ծառայությունից օգտվեն»,-ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ սուբսիդավորումը, բնականաբար, հավերժ չի լինելու և հույս հայտնել, որ տնտեսական այս սխեման կսկսի աշխատել և ի վերջո ժամանակի ընթացքում կամաց-կամաց կանցնի մասնավորին.
«Այսինքն՝ մեր նպատակը ենթակառուցվածքի կայացումն ու զարգացումն է»:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ այսօր Վրաստանի հատվածում մոտ 12 հազար բեռնատար է կուտակվել, որից ավելի քան 1000-ը հայկական մեքենաներ են:
«Այս լաստանավային հաղորդակցության գործարկումը բնավ չի նշանակում, որ մենք դադարում ենք այլ ուղղություններով աշխատանքը: Հակառակը՝ մենք ամենաժամյա կապի մեջ ենք մեր ռուս և վրացի գործընկերների հետ: Մենք հիմա փնտրում ենք այն լուծումները, որոնք թույլ կտան, որ հայկական բեռները, որոնք ուղղակի տարանցիկ պետք է Վրաստանով անցնեն և մաքսազերծման որևիցե խնդիր չունեն, կարողանան ինչքան հնարավոր է արագ անցնել այդ մաքսակետով: Կարծում եմ՝ այդ առումով էլ շուտով կունենանք նորություններ: Այնուամենայնիվ, այսօր խնդիրն իսկապես բարդ է, մեր մեքենանները Վրաստանում 10 օրից ավելի են կանգնում մինչև կարողանում են Լարսի անցակետն անցնել: Օգտվելով առիթից, ուզում եմ մեր արտահանողներին և ներմուծողներին ասել, որ մենք զբաղվում ենք այս հարցով և շուտով կառաջարկենք լավ լուծումներ»,-ասել է նախարարը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նախարարի նշած տեղեկատվությունը կրկնակի անհանգստացնող է համարել:
«Մենք հիմա մրգի և բանջարեղենի արտահանման սեզոնի մեկնարկին ենք մոտենում: Եվ այստեղ մենք պետք է ենթակառուցվածքները զարգացնենք: Հիմա նունիսկ մտածում ենք, չգիտեմ, թե ինչքանով է դա իրատեսական, նույնիսկ օդային ենթակառուցվածքների գործարկման վերաբերյալ»,- ասել է վարչապետը՝ հավելելով նաև, որ մարտի առաջին 15-20 օրվանից հետո արտահանման ծավալների շատ էական աճ է նկատվում: