Մայիսի 4-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը՝ որպես հիմնական բանախոս մասնակցել է ամերիկյան հեղինակավոր «Atlantic Council» ուղեղային կենտրոնում անցկացված կլոր սեղան-քննարկմանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ արտգործնախարարն անդրադարձել է ԱՄՆ աշխատանքային այցի ընդհանուր օրակարգին ու շեշտադրումներին, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանը, այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերին և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին:
Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով իրականացվող բարեփոխումների ընթացքին:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների, այս գործընթացներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերի վերաբերյալ։
Ներկայացվել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները:
Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: