«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին Երևան քաղաքում աղբահանության գործընթացում խափանումներ կան, և հնարավոր է, որ որոշ հասցեներում աղբի տեղափոխման գործընթացում ժամային գրաֆիկից ուշացումներ լինեն։
Խափանման պատճառը, ըստ ընկերության, այն է, որ վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ որոշ անբարեխիղճ բնակիչներ շինարարական կոշտ աղբը որպես կենցաղային աղբ նետել են աղբամանների մեջ. արդյունքում՝ միաժամանակ աշխատանքի մեջ գտնվող մի քանի մեքենաներում անսարքություններ են առաջացել։ Ընկերությունից նշում են, որ թեև աղբատար մեքենաները համալրված են աղբը սեղմելու համար նախատեսված հատուկ սարքերով, սակայն դրանք նախատեսված չեն շինարարական կոշտ աղբը սեղմելու համար, ուստի երբ շինարարական աղբը հայտնվում է սեղմիչ սարքի հատվածում, վերջինս վնասվում է։
«Մեքենաների սպասարկման անձնակազմը, աշխատում են արտակարգ ռեժիմով՝փորձելով հնարավորինս արագ շտկել տեխնիկական խնդիրները»,-հայտնում են ընկերությունից՝ հիշեցնելով, որ իրենք չեն զբաղվում ծանր շինարարական աղբի տեղափոխմամբ։
«Սանիթեք»ը կոչ է անում բնակիչներին շինարարական աղբի տեղափոխման համար օգտվել հատուկ ծառայություններից և, առավել ևս, չնետել նման աղբն աղբամանի մեջ՝ առաջացնելով արհեստական խոչընդոտներ աղբահանության գործընթացում։