Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոր տնօրեն ունի, այդ պաշտոնում նշանակվել է Կարինե Սարգսյանը։
Նա Հայաստանի Ամերիկյան Համալսարանի առաջին շրջանավարտներից է․ 1993 թվականին ստացել է Բիզնես կառավարման մագիստրոսի կոչում։ 1994-95թթ-ին շարունակել է իր կրթությունը Կառավարման Մագիստրոսի ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում՝ Իլինոյ նահանգի Նորթվեսթերն համալսարանում՝ որպես Էդմունդ Մասկի կրթաթոշակի ծրագրի հաղթող։ Այդ պահից ի վեր Կարինեն զբաղեցրել է բազմաթիվ բարձր ղեկավար պաշտոններ մի շարք հեղինակավոր մասնավոր և հանրային ընկերություններում, ինչպիսիք են Ջոնսոն և Ջոնսոնը, Կոկա-Կոլան, ՄԱԿ-ը, Զարգացման Ավստրիական Գործակալությունը և Հայ-Ամերիկյան առևտրային պալատը։
Հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նորանշանակ տնօրենի ուղերձը, որում ասված է․
«Ինձ համար պատիվ է միանալ և առաջնորդել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հրաշալի թիմին, նաև իմ երախտագիտության տուրքը մատուցել նրանց, ովքեր հանուն մեր հայրենիքի զոհեցին իրենց կյանքը պատերազմում, ինչպես նաև այդ հերոսների ընտանիքներին։ Մենք ջանք չենք խնայի կայուն ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և հետագայում բարգավաճելու համար անհրաժեշտ ռեսուրսները տրամադրելու ուղղությամբ։
Հավատացած եմ, որ մեր հերոսների պատմությունները և փորձառությունները մեր հասարակության մեջ ամուր արժեքներ, հավատք և վերաբերմունք կսերմանեն, և ԶԱՀ-ը կծառայի որպես աշխարհասփյուռ հայերի միավորման կուռ հարթակ՝ արտահայտելու մեր երախտիքը, աջակցությունը և հարգանքը»։
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը, որի նախկին տնօրենը Վարուժան Ավետիքյանն էր, ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում 2017թ.-ի հունվարի 1-ից։ 2020-ից հիմնադրամը փոխհատուցում է տրամադրում նաև 1998 թ.-ից մինչ օրս տեղի ունեցած դեպքերից տուժածների հարազատներին:
Զինվորների կյանքի ապահովագրման Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում աշխատող անձանց կողմից յուրաքանչյուր ամիս փոխանցվող գումարներից, նախկինում՝ 1000-ական, ներկայում՝ 2021-ի հունվարի 1-ից, կախված աշխատավարձի չափից՝ դիֆերենցացված։