ՄԻՊ-ը ոստիկաններից պահանջում է հարգել բերման ենթարկվածների լռելու իրավունքը և իրազեկում՝ վարչական ձերբակալման առավելագույն ժամը 3-ն է - RadioVan.fm

Онлайн

ՄԻՊ-ը ոստիկաններից պահանջում է հարգել բերման ենթարկվածների լռելու իրավունքը և իրազեկում՝ վարչական ձերբակալման առավելագույն ժամը 3-ն է

2022-05-04 17:27 , Право, 1266

ՄԻՊ-ը ոստիկաններից պահանջում է հարգել բերման ենթարկվածների լռելու իրավունքը և իրազեկում՝ վարչական ձերբակալման առավելագույն ժամը 3-ն է

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանը իրավունքների իրազեկման մասին տեղեկատվություն է տարածել, որում ասված է․

«Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերի կողմիցոստիկանության տարբեր բաժիններ կատարած արագ արձագանքման այցերի արդյունքում արձանագրված շարունակական դարձած խնդիրը վերաբերում է անձի նույնականացման /ինքնությունը պարզելու/ ձևավորված արատավոր պրակտիկային։

Այս առումով, Պաշտպանը դեռևս 02.05.2022թ. արված հայտարարությամբ նշել է, որ այն դեպքում, երբ անձը, օգտվելով լռելու իրավունքից, հրաժարվում է իր անձնական տվյալները ներկայացնել, այդ թվում՝ նույնականացվել, Ոստիկանության կողմից վերջինիս կամքին հակառակ էլեկտրոնային սարքերի միջոցով նույնականացնելն անթույլատրելի է։

Հատկապես անընդունելի է անձի՝ իր կամքին հակառակ նույնականցման իրականացումն էլեկտրոնային սարքերով անձանց անտեղյակությունն օգտագործելով կամ առանց նրանց իմացության՝ գաղտնի։

Նշված խնդրի կապակցությամբ Պաշտպանը հարկ է համարում ևս անձանց իրազեկել, որ՝

1. Բերման ենթարկված անձինք /անկախ քրեական կամ վարչական վարույթի շրջանակում արգելանքի վերցվելու հանգամանքից/փաստացի արգելանքի վերցվելու պահից օգտվում են լռելու հիմնարար իրավունքից։

2. Լռելու իրավունքն իրենից ենթադրում է ինչպես որևէ կերպ վարույթն իրականացնողին բանավոր տեղեկություններ չհայտնելու, այնպես էլ նյութեր չտրամադրելու հնարավորությունը։

3. Այն դեպքում, երբ անձինք հրաժարվում են վարույթն իրականացնող մարմնին տեղեկություններ հայտնել, այդ թվում՝ իրենց անձնական տվյալները, վերջիններս օգտվում են իրենց լռելու իրավունքից։ Անձանց կողմից տեղեկություններ չհայտնելու կամ լռելու իրավունքի իրացման եղանակ է հանդիսանում նաև ոստիկանության ծառայողներին իր կենսաչափական տվյալների չտրամադրումը, այդ թվում՝ լուսանկարահանման կամ տեսանկարահանման եղանակով։ Այլ կերպ ասած, այն դեպքերում, երբ անձը հրաժարվում է էլեկտրոնային սարքերով նույնականացվելուց, վերջինս օգտվում է լռելու իրավունքից, և չի ցանկանում տրամադրել այնպիսի տվյալներ, որով կնույնականացվի էլեկտրոնային սարքի միջոցով։

4. Անձի նույնականացման կամ վերջինիս ինքնությունը պարզելու պարտականությունը կրում է վարույթն իրականացնողը՝ իր գործիքակազմում ունեցած այլ միջոցների օգտագործման եղանակով։ Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ անձը հրաժարվում է էլեկտրոնային սարքերով նույանակացվելուց /լուսանկարվելուց/ ոստիկանությունը պետք է զերծ մնա վերջինիս լուսանկարելուց և հարգի անձի լռելու հիմնարար իրավունքը։

Հարգելի քաղաքացիներ, Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացնում է, որ չի թույլատրվում Ձեր կամքին հակառակ ոստիկանության ծառայողի կողմից Ձեզ էլեկտրոնային սարքերի կիրառմամբ լուսանկարելու միջոցով նույնականացնել։ Պաշտպանը հորդորում է նման իրավիճակներում զանգահարել Պաշտպանի աշխատակազմում գործող թեժ գիծ՝ 116 հեռախոսահամարով կամ այդ տեղեկությունները հայտնել ոստիկանության բաժիններ այցելող Պաշտպանի արագ արձագանքման խմբերի աշխատակիցներին։

Միաժամանակ, Պաշտպանը Ոստիկանության ծառայողներից պահանջում է դրսևորել իրավաչափ վարքագիծ, հարգել քաղաքացիների լռելու իրավունքը՝ դրա դրսևորման բոլոր եղանակներով, զերծ մնալ անձանց կամքին հակառակ էլեկտրոնային սարքերով լուսանկարելով նույնականացնելու ձևավորված պրակտիկայի շարունակությունից։

Պաշտպանը նաև տեղեկացնում է, որ անկախ այն հանգամանքից՝ անձինք հրաժարվել են վերոնշյալ եղանակով նույնականացվելուց, թե՝ ոչ, վերջիններիս վարչական ձերբակալման առավելագույն ժամկետը 3 ժամն է։ Դա այն առավելագույն ժամանակահատվածն է, երբ վարույթն իրականացնողը կարող է քաղաքացուն պահել արգելանքի տակ անհրաժեշտ վարութային գործողություններ կատարելու նպատակով։

Այդ ժամկետը լրանալուց հետո անձը պետք է անհապաղ ազատ արձակվի՝ անկախ վերջինիս անձը պարզված լինել կամ չլինելու հանգամանքից։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև պահանջում է, որ Ոստիկանության ծառայողները զերծ մնան անհրաժեշտ տվյալներ չտրամադրելու դեպքում 3 ժամից ավել պահելու սպառնալիք հնչեցնելուց։ Բոլոր նման դեպքերը Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվում են, և Պաշտպանը հետևողական է լինելու այդ դեպքերի բացահայտման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում»։

Лента

Рекомендуем посмотреть