«Դիմադրության» շարժման կազմակերպիչները Երևանի ֆրանսիայի հրապարակում 15։30-ին հայտարարված հավաքին հնչեցրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը։
Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հիշեցրել է, որ դեռևս ապրիլի 5-ին իրենք Ազատության հրապարակում հրապարակել են իրենց պահանջները, ասել, որ այն իշխանությունը, որը կշեղվի այդ սկզբունքներից, րոպե առաջ պետք է հեռանա։
Սակայն դրանից հետո, նկատել է ընդդիմադիր պատգամավորը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին, մինչդեռ, ըստ նրա, հայ ժողովրդի համար անընդունելի է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։
Սաղաթելյանն այնուհետ ընթերցել է 6 կետ ներառող պահանջը, որում արձանագրվում է․
«1․Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, տապալելով Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ ու պարտություն։
2. Խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմն ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել։
3. 2021թ․ հունիսին խոստացել է 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս գերիներ ունենք։
4. Իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն՝ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով, պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, բայց հիմա գնում է այդ ճանապարհով։
5. Խոստացել է տնտեսական թռիչքաձև աճ, բայց աճում է պետական պարտքը, աղքատությունը,գները և մահերը։
6. Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական ավարտ ունեցավ։ Պադավատապետության դեմ խոսող, կարմիր լույսի տակ իր շարասյունի կանգնելը, հետիոտնին զիջելը որպես ձեռքբերում ներկայացնող անձը օրը ցերեկով վրաերթի ենթարկեց հղի հայ կնոջը և ինչպես միշտ փախավ։
Ելնելով այս ամենից՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ ու պետք է հրաժարական տա»։
Ներկաները ծափահարություններով ողջունել են հանրային պահանջը, համաձայնել այն ներկայացնել որպես հանրահավաքի մասնակիցների պահանջ։
Սաղաթելյանը հայտնել է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները մեկնել են ԱԺ՝ վերոնշյալ «պահանջը Նիկոլ Փաշինյանի ճակատին հնչեցնելու համար»։
Այնուհետ հավաքի մասնակիցները Սաղաթելյանի խոսքի համաձայն՝ շարժվել են դեպի խորհրդարան։
«Մենք որևէ շենք չենք գրավելու, սադրանքի չենք գնալու։ Շենք չենք գրավելու, որովհետև այդ շենքերում այլևս իշխանություն չկա։ Իշխանությունը փողոցում է, իշխանությունը ձերն է»,- հայտարարել է Սաղաթելյանը՝ հորդորելով կազմակերպված ու հանդարտ շարժվել։
Նշենք՝ խորհրդարանում, որի շենքի մոտ այս րոպեներին վահան-սաղավարտներով ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացված, բակում՝ լուսաձայնային նռնակներ են տեղադրված, ընթանում է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որին ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։