Մայիսի 4-ին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի Ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրիի հետ:
ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել երկկողմ դարավոր բարեկամությունը և ընդգծել այդ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը՝ մասնավորապես կարևորելով երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջև ոլորտային համագործակցության ընդլայնումը:
«ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և այդ մարտահրավերները հաղթահարելու Հայաստանի դիրքորոշումը: Ա. Գրիգորյանն իր զրուցակցին է նաև ներկայացրել անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների պլանը՝ ինչի համատեքստում վրացական կողմը կիսվել է իր համապատասխան փորձով: Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտին առընչվող բազում հարցեր:
Վրաստանի Ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին Արմեն Գրիգորյանին է ներկայացրել Վրաստանի Ազգային անվտանգության ճարտարապետությունը և Ազգային անվտանգության խորհրդի մանդատը»,-ասված է տարածած հաղորդագրությունում։