Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժման աջակիցները աղբամաններով փակել ենԿոմիտաս-Վրացական խաչմերուկը։
Մայրաքաղաքում շարունակվում են խաղաղ անհնազանդության ակցիաները։
Ազգային ժողովի փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ քաղաքացիները երթով, փողոցներ փակելով շարժում են Մաշտոցի պողոտայով։
«Այսօր առավոտից մեր հայրենակիցները ողջ մայրաքաղաքում սկսել են բողոքի անհնազանդության ակցիաներ, այս պահին շուրջ 10 ուղղություններով նման քայլերթեր են իրականացվում»,-հայտարարել է դաշնակցական Սաղաթելյանը՝ լրագրողների հետ զրույցում ընդգծելով, որ այս պայքարն ավարտվելու էՆիկոլ Փաշինյանի հեռացումով։
«Հայաստանի համար բացվելու է նոր արշալույս, քանի որ այս մարդիկ երկիրը տանում են պետականության կործանման։ Իրենց հեռացումով Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանը չի թուրքացվելու»,-նշել է պատգամավորը՝ հիշեցնելով, որ ժամը 15։30-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու. «Հանրահավաքին ձևակերպելու ենք մեր հանրային պահանջը՝ պահանջելով այս իշխանությունների հրաժարականը»։