«Ինչու՞ սահմանափակվել 20-րդ դարով․ կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարից»․ Միրզոյանը՝ 18-91թթ․ քարտեզները հիմք ընդունելու՝ Ալիևի հայտարարության մասին - RadioVan.fm

Онлайн

«Ինչու՞ սահմանափակվել 20-րդ դարով․ կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարից»․ Միրզոյանը՝ 18-91թթ․ քարտեզները հիմք ընդունելու՝ Ալիևի հայտարարության մասին

2022-05-02 17:58 , Политика, 986

«Ինչու՞ սահմանափակվել 20-րդ դարով․ կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարից»․ Միրզոյանը՝ 18-91թթ․ քարտեզները հիմք ընդունելու՝ Ալիևի հայտարարության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 29-ին հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս կմեկնաբանի Ալիևի այդ հայտարարությունները:

ՀՀ արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Միրզոյանն ասել է․

«Մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք: Բայց ինչու՞ սահմանափակվել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծված, կամ Հերոդոտոսի կողմից Քրիստոսից առաջ 5-րդ դարում ստեղծված, կամ Ստրաբոնի կողմից Քրիստոսից առաջ 1-ին դարում ստեղծված, կամ Կլավդիոս Պտղոմեոսի կողմից արդեն Քրիստոսից հետո 2-րդ դարում ստեղծված,կամ նույն ժամանակահատվածում Պլինիոս Ավագի կողմից ստեղծված քարտեզներից և շարունակել հետագա ժամանակաշրջանների բազմաթիվ լատինական, բյուզանդական, արաբական և այլ աշխարհագրական նկարագրություններով և քարտեզներով: Հայաստանն ինքն իրեն այդ քարտեզներում չգտնելու մտավախություն չունի:

Այնուամենայնիվ, շահագրգռված լինելով սահմանազատման և սահմանային անվտանգության ապագա հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա»։

Лента

Рекомендуем посмотреть