Երևանի կենդանաբանական այգին, ավանդույթի համաձայն, մայիսի 1-ին բացել է հերթական տարեշրջանը, ինչի առիթով երեխաների ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու համար այգու տարբեր հատվածներում առանձին անկյուններ են ձևավորվել:
Երևանի քաղաքապետն անձամբ է ծանոթացել, թե ինչպես է այգին պատրաստվել, ինչ փոփոխություններ հասցրել անել։
«Վերջին երեք տարիներին բավական մեծ աղմուկ էր այգու շուրջ: Այս պահին մենք ամբողջությամբ արձանագրել ենք առկա խնդիրները, և արդեն իսկ համապատասխան լուծումներն են տրվում: Ակնհայտ է, որ նոր տնօրենի նշանակմամբ փոփոխություններ կան, բացի այդ նաև խորհրդի հետ ենք քննարկում առաջիկա անելիքները: Քաղաքապետարանը պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել՝ տարիներ շարունակ չլուծված խնդիրները մոտ ապագայում լուծելու համար»,-ընդգծում է Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ այգում այսօր պահվում է մոտ 143 կենդանատեսակ, որոնց համար առաջնահերթը սննդի խնդիրն էր:
Քաղաքապետին վստահեցրել են՝ այս պահին խնդիրը կարգավորված է:
Անելիքներ այգում դեռ շատ կան: Այստեղ ամեն մի անկյուն պետք է լինի բարեկարգ և օգտագործվի նպատակային: Այգու գրեթե բոլոր հատվածներից երևացող, թռչունների պահման համար նախատեսված շենքն առաջիկայում ամբողջությամբ կվերակառուցվի ու կբացի դռները հատուկ նախագծով:
«Տպավորություն է, որ այստեղ ժամանակը կանգ է առել 1980-ական թվականներից հետո: Կա նպատակ, որպեսզի մեր ենթակայության հիմնարկներում կրթական ծրագրեր ունենանք: Այստեղ բարեկարգման աշխատանքներ կիրականացնենք»,-նշում է քաղաքապետը։
Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ նախորդ մեկ տարվա ընթացքում կենդանաբանական այգին 230.000 այցելու է ունեցել, ինչը այգու լավագույն ցուցանիշը չէ: