Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Արցախի պահպանման, ազգային անվտանգության խնդրով Հայաստանի 4 խորհրդանշական վայրերից՝ Տավուշի մարզի Իջևան համայնքից, Արարատի Տիգրանաշեն համայնքից, Արագածոտնի Ապարան համայնքի Դրոյի հուշակոթողի մոտից և Արմավիրի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքից ընդդիմության և համակիրների «Դիմադրության» շարժման քայլերթերը հասել են նպատակակետին․ խմբերը Երևանում են՝ Ֆրանսիայի հրապարակում՝ մասնակցելու պլանավորված հանրահավաքին։
«Անցող մեկ շաբաթվա ընթացքում հայ ժողովուրդն ապացուցեց՝ ոտքի է կանգնել և մերժում է օրվա իշխանության քաղաքական գիծը։ Օրվա իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու»,-հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով՝ «հայ ժողովուրդն է որոշում, որ տեր է Արցախին, տեր է Հայաստանին, որ հայ ժողովրդի ճակատագիրն Ալիևից և Նիկոլից կախված չէ»։
Սաղաթելյանը հայտարարեց, որ հավաքի մասնակիցների շարքերում են վերջին պատերազմի ընթացքում իրենց զավակներին կորցրած հերոսածին մայրեր, հարազատներ։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոս նահատակների հիշատակը։
«Ծնողներ, որդեկորույս մայրեր, մեր պարտքը, մեր պայքարը հենց դրա համար է, որ մեր հերոս տղերքը կռվել են իրենց հայրենիք համար, զոհվել են, որպեսզի այսօր ապրենք, պետություն ու հայրենիք ունենանք։ Մեր տղերքը հանուն ոչնչի չեն զոհվել։ Իրենք հերոսներ են, իրենք պայքարել են մեր համար, Հայաստանի ապագայի համար, մենք պարտավոր ենք վառ պահենք մեր հերոսների հիշատակը։
Փառք մեր նահատակներին, փառք մեր հերոսներին։
Մենք տեր ենք Արցախին, տեր ենք Հայաստանին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Երևանի Ֆրանսիայի հրապարակում այնուհետ որոշվեց տեղադրել վրաններ, որպեսզի գիշերեն այնտեղ, իսկ մայիսի 2-ից՝ առավոտյան 8:30-ին, հայտարարվեց խաղաղ անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Հիշեցնենք՝ Իշխան Սաղաթելյանը ընդդիմության իրազեկման վերջին՝ ապրիլի 29-ի երթի ավարտին հայտարարել էր, որ մայիսի 1-ին՝ ժամը 16:30-ից, սկսվում է իրենց նախաձեռնած պայքարի նոր և վերջնական փուլը, մայիսի 1-ին, ասել էր նա, կերտելու են նոր արշալույս, «հանրապետական», «դաշնակցական», «սերժսարգսյանական», «քոչարյանական» «վանեցյանական» այլևս չի լինելու»։