Օգոստոսի 1-ից գազաբալոնների վկայագրում չանցած մեքենաները չեն լիցքավորվի - RadioVan.fm

Онлайн

Օգոստոսի 1-ից գազաբալոնների վկայագրում չանցած մեքենաները չեն լիցքավորվի

2022-04-28 16:26 , Общество, 1305

Օգոստոսի 1-ից գազաբալոնների վկայագրում չանցած մեքենաները չեն լիցքավորվի

Ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի ավտոմատացված համակարգի ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում:

Արդյունքում ձեռք կբերվեն ծրագրային համակարգչային, ինչպես նաև հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթներ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, դեռևս 2021 թ. դեկտեմբերին ընդունվել են որոշումներ և սահմանվել են կարգեր այս գործընթացի մեկնարկի համար:

«Համակարգը կգործի օգոստոսի 1-ից: Հայաստանում շահագործվող սեղմված գազով և հեղուկ գազով մեքենաների սարքավորումները պետք է ստուգվեն առնվազն 2 տարին մեկ անգամ: Գործում է երկու համակարգ՝ կան լիցենզավորված կազմակերպություններ, որոնք պետք է տեղադրեն և հետո նաև ստուգեն, և կա էլեկտրոնային համակարգ, որտեղ այդ ստուգման արդյունքները մուտք են արվում»,-ասել է նախարարը:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի Արթուր Ասոյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 1-ից այն ավտոմեքենաները, որոնց գազաբալոնները վկայագրում չեն անցել, ուղղակի գազալցակայաններում չեն կարողանալու լիցքավորվել:

«Լիցքավորվելու պարագայում ենթարկվում է վարչական պատասխանատվության տեսչական մարմինների կողմից՝ 200.000 դրամի չափով: Տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ կրկնակի չափով: Եթե տվյալների շտեմարան մուտքագրվում են կեղծ տվյալներ, ապա ենթարկվում են վարչական պատասխանատվության 300.000-500.000 դրամի սահմաններում: Գազաբալոնների տեղադրման և դրան ներկայացվող նորմերի ու պահանջների ստուգման հետ կապված ստուգաթերթը այժմ գտնվում է մշակման փուլում: Լիազոր մարմինների հետ այժմ քննարկվում է նաև էլեկտրոնային ավելի խելացի լուծումների տարբերակ, որպեսզի այս գործընթացն ավտոմատացվի և սուբյեկտիվ մոտեցումը բացառվի: Այսինքն՝ դիտարկվում է այն տարբերակը, որ եթե մեքենան, գազաբալոնը վկայագրում չի անցել, ապա ավտոմատ համակարգն ուղղակի չի թույլատրի, որպեսզի մեքենան լիցքավորվի, դա հնարավոր կեղծիքներից խուսափելու նպատակ է հետապնդում»,-ասել է Արթուր Ասոյանը:

Կառավարության ղեկավարը կարևորել է ընդունված որոշումը՝ այն համարելով կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխում:

«Գիտենք, որ ՀՀ-ում գազաբալոններով աշխատող ավտոմեքենաների հսկայական քանակ կա: Սա լուրջ խնդիր է, և մենք պարտավոր ենք ապահովել շահագործողների և քաղաքացիների անվտանգությունը: Մենք անցած տարվանից, դարձյալ երկար քննարկումների արդյունքում ներդրում ենք անվտանգության երաշխավորման այս համակարգը: Սրանով մենք կամ կբացառենք կամ առնվազն մինիմումի կհասցնենք գազի բալոնների հետ կապված բոլոր արտակարգ պատահարները»,-ասել է վարչապետը:

Лента

Рекомендуем посмотреть