Հաշվի առնելով Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) կայուն վիճակը և աշխարհում համավարակի նվազման տեմպերը՝ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել «Կարանտինի մասին» որոշման մեջ։
Ինչպես զեկուցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է նոր կորոնավիրուսային հիվանդության, ընդամենը, 144 դեպք, ինչը, նշել է, նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 33 տոկոսով։
Ըստ նախարարի՝ վերջին ամսվա ընթացքում նկատվում է նաև մահվան դեպքերի կտրուկ նվազում․ 14 օրերի ընթացքում ընդամենը մեկ մահ է գրանցվել։
Ուստի, կառավարության այսօր կայացրած որոշմամբ, մայիսի 1-ից ուժը կորցրած է ճանաչվում օդային և ցամաքային սահմանային անցման կետերով ՀՀ մուտք գործելիս Covid-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:
Թեստ հանձնելու և պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու պահանջը հանվել է նաև քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում՝ տեսակցությունների կամ արձակուրդ մեկնելու պարագայում։
Վերացվել են նաև դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1․5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը, աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ թեստի կամ պատվաստման սերտեֆիկատ ներկայացնելու պահանջը։