Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 27-ին, ԱՀ դատախազության և քննչական կոմիտեի պատասխանատուների հետ հանդիպմանը, անդրադառնալով ներքին և արտաքին մարտահրավերներին, ընդգծել է, որ անկախ բոլոր տեսակի շահարկումներից՝ Արցախի իշխանությունների համար գերակա է մնում Արցախի ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի իրավունքի իրացումն ու պաշտպանությունը սեփական հայրենիքում:
«Մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ ընտրել ենք խաղաղության օրակարգը: Սակայն ինչպես նշել եմ անցած տարեվերջին իմ հայտարարության մեջ, արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է»,-արցախի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ ասել է Արայիկ Հարությունյանը և ավելացրել, որ Արցախի իշխանություններն ամբողջությամբ հավատարիմ են մնում այն որդեգրած սկզբունքներին, որոնց հիման վրա անցած ավելի քան երեք տասնամյակներում պետականություն է կառուցվել:
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ Արայիկ Հարությունյանը, բարձր գնահատելով երկրում օրինականության պահպանման, հանցավորության դեմ պայքարի, այդ թվում՝ կոռուպցիոն երևույթների բացահայտման գործում ունեցած հաջողությունները, նշել է, որ արդյունավետ փոխգործակցության սկզբունքով անհրաժեշտ է հետևողական կերպով շարունակել աշխատանքը՝ հանցագործության ցանկացած դեպքի մանրակրկիտ քննությամբ և պատժողական քաղաքականությամբ ապահովելով քրեական արդարադատության նպատակները, ներառյալ՝ նոր հանցագործությունների կանխումը: