ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել իրեն ուղեկցող ավտոշարասյան մեքենայի կողմից երեկ վրաերթի ենթարկված ու մահացած հղիի՝ Սոնա Մնացականյանի հայրիկի հետ, ցավակցություն հայտնել նրան և նրա ընտանիքի անդամներին, ցավ ու ափսոսանք հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և երաշխավորել, որ տեղի կունենա դեպքի օբյեկտիվ քննություն:
Տարոն Չախոյանը, որը երեկ դեպքից հետո ի գիտություն բոլորի «Ֆեյսբուք»-ում գրել էր, թեվարչապետ Փաշինյանը մեքենա չի վարում, ու չի եղել որևէ մեքենայի ղեկին՝ դրա մասին խոսելն անգամ անհեթեթ համարելով, այսօր պարզաբանումներ է ներկայացրել որոշ հարցերի առնչությամբ:
«Հարց-Ինչու դեպքից հետո վարչապետի շարասյունը կանգ չի առել վրաերթի ենթարկված կնոջն օգնություն ցուցաբերելու համար:
Պատասխան-Բուն վրաերթի պահին վարչապետի ավտոմեքենան եղել է դեպքի վայրից մոտավորապես 100-150 մետր հեռավորության վրա: Վրաերթի պահը նրա մեքենայի միջից չի երևացել ու չէր կարող երևալ: Վարչապետի ավտոմեքենան դեպքի վայրով անցել է տեղի ունեցածից ինչ-որ վայրկյաններ անց: Այսինքն՝ բուն վրաերթից 150 մետրը անցնելու համար անհրաժեշտ վայրկյանների ընթացքում վարչապետը տեղյակ չի եղել և չէր կարող տեղեկանալ, թե կոնկրետ ինչ է կատարվել: Վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը՝ վարչապետը հրահանգել է Շտապ օգնություն կանչել և պարզել ինչ է տեղի ունեցել: Շտապ օգնությունը ժամանել է րոպեներ անց: Այն մասին, որ տեղի է ունեցել վրաերթ՝ ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենայի կողմից, վարչապետը իրազեկվել է Ազգային ժողով հասնելուն պես, որից հետո համապատասխան հրահանգներ է տվել առողջապահության նախարարին և իրավապահներին:
Հարց-ՃՈ աշխատողները չէին կարող չնկատել վթարը: Ինչու՞ նրանք չեն կանգնել օգնություն ցուցաբերելու:
Պատասխան-ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենան կանգ առնելու դեպքում կանգ կառներ ամբողջ շարասյունը՝ փակելով փողոցի ամբողջ երթևեկությունը և լրացուցիչ խցանումներ առաջացնելով նաև հարակից փողոցներում, այսպիսով խոչընդոտելով Շտապօգնության մեքենայի մոտենալուն, այդ թվում՝ բուն դեպքի վայրին և տուժողին մոտենալուն: Նաև նման հանգամանքների հաշվառումով՝ ըստ աշխատանքի միջազգայնորեն ընդունված կանոնակարգի՝ երկրների ղեկավարների շարասյունը ուղեկցող (տվյալ դեպքում՝ ՃՈ) մեքենաներն իրավունք չունեն չնախատեսված տեղում կանգ առնելու՝ անգամ պատահարների դեպքում»,-ասված է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ֆեյսբուքյան հրապարակման մեջ:
Ի դեպ, հիշեցնենք, Հայաստանում 2018-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, 2019-ի մայիսի 8-ին՝ իր վարչապետ ընտրվելու միամյակի կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսում «Նոր Հայաստանի մասին 100 փաստ»-երից 91-ում Նիկոլ Փաշինյանը ամրագրել էր, թե «Հայաստանի Հանրապետության վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ, բացառությամբ հատուկ դեպքերի (հատուկ դեպքերն այն են, երբ ինչ-որ տեղից ուշանում են, միջազգային հյուրեր են սպասում և օբյեկտիվ պատճառներով են ուշանում), քաղաքացիներին զիջում է ճանապարհը՝ հետիոտնային անցումների վրա»:
Նշենք՝ երեկ՝ ապրիլի 26-ին, հայտնի դարձավ, որ Լեո-Պարոնյան խաչմերուկի մոտ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենան վրաերթի է ենթարկել հղի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, ուր գիտակցության չգալով՝ մահացել է։ ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն նշյալ խաչմերուկում վրաերթի է ենթարկել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» (ՃՈ) ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով: Դեպքից հետո ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից հեռացած, սակայն ժամը 20:05-ին դեպքի վայր վերադարձած և կատարվող քննչական գործողություններին մասնակցած սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է:
28-ամյա Սոնան «Աջակցենք մեր հերոսներին-Հայաստան» (Support Our Heroes - Armenia) կազմակերպության հիմնադիր անդամն էր, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարը:
Գործընկերներն այսօր տարածած մահազդում նշել են, որ Սոնան միշտ կմնա իրենց սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր և բարձր մարդկային արժանիքներ ունեցող ընկեր: