Նա փաստել է, որ տարածաշրջանում խաղաղության կարելի է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջոցով, որը պետք է ներառի Արցախի կարգավիճակի հստակեցումը` Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա
Այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակության ներկայացուցիչներին:
Խորհրդարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ, խոսելով այցի նպատակից` 2021թ. արտահերթ ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մըրֆին նշել է, որ Հայաստանում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատրաստած վերջնական զեկույցը ներկայացնելու համար:
«Հանդիպմանը զրուցել են Հայաստանում խորհրդարանական դիվանագիտության կարևոր նշանակությունից՝ քննարկելով նաև ժողովրդավարական երկրների խորհրդարաններում իշխանություն-ընդդիմություն գործակցության և փոխազդեցության ձևերը:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է 2021թ. հունիսի 20-ի ընտրություններին հաջորդած ժամանակաշրջանին առնչվող օրենսդրական փոփոխություններին և Հայաստանում ժողովրդավարության ներկա վիճակին առնչվող հարցերին:
Անդրադարձ կատարելով տարածաշրջանի անվտանգության խնդիրներին՝ ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դերը` որպես կարևոր հարթակ ԵԱՀԿ տարածաշրջանում վստահությունն ամրապնդելու համար՝ ուշադրություն հրավիրելով ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից արված ագրեսիվ հայտարարություններին: Նա փաստել է, որ տարածաշրջանում խաղաղության կարելի է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության կարգավորման միջոցով, որը պետք է ներառի Արցախի կարգավիճակի հստակեցումը` Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա:
Կողմերը խոսել են նաև ընտրական համակարգերի միջազգային չափորոշիչներից` այս համատեքստում դիտարկելով հայաստանյան համապետական ընտրությունների արձանագրած ձեռքբերումները»,-ասված է հաղորդագրությունում: