Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավորներ Թադևոս Ավետիսյանը և Քրիստինե Վարդանյանն այսօր մի խումբ երիտասարդների հետ երեկվա վրաերթի առնչությամբ ՀՀ կառավարության շենքի դիմաց խորհրդանշական ակցիա էին նախաձեռնել։
Պատգամավորները կարմիր գույնի ներկի տարայով, կարմիր ձեռքերի հետքերի պատկերով պաստառներով Դաշնակցության գրասենյակից շարժվեցին դեպի գործադիրի շենք։
«Քանի որ այդ աթոռին նստած մարդը արյան ծարավ է՝ էս տարան ենք բերել, գուցե խմի ու դադարի անընդհատ էս երկրում արյուն թափել, հեռանա, որ մենք կարողանանք ապրել։ Մեր հայրենակիցներին հերթական անգամ կոչ ենք անում զարթնել, որովհետև վաղը կարող է ուշ լինել։ Էս աղետը ոչ մեկիս չի շրջանցելու, թակելու է բոլորիս դուռը․ երեկ ավտոմեքենայի տակ ընկած կինը կարող էր լինել ձեր քույրը, ձեր կինը, ձեր դուստրը, մենք չենք կարող էսպես անտարբեր մնալ ու կուլ տալ էս ամեն ինչը»,-մինչ կառավարության շենք հասնելն ուղիղ եթերում ասաց Քրիստինե Վարդանյանը։
Ակցիայի մասնակիցները դեռ նոր էին սկսել այն, երբ տարածքը հսկող ոստիկանները տարածքից հեռացրին ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանին, որը, ձեռքերը թաթախելով կարմիր ներկի մեջ, փորձում էր պատկերը դաջել գետնին։
Հավաքվածները վանկարկեցին «Նիկոլ, մարդասպան», «Նիկոլ, հայասպան»։
Թադևոս Ավետիսյանը, կարմիրով ներկված ձեռքերի ափերը պարզելով քիչ անց վերադառնալով, հայտարարեց․
«Դուք է՛ս եք, է՛ս, դուք բերում եք մահեր պատերազմով, առողջապահական խնդիրներով, փողոցներում երթևեկելով։ Ձեր ամեն քայլափոխը մահ է ու արյուն՝ իմ ժողովրդի, իմ ազգի, հայ մարդու։ Դուք պետք է գնաք օր առաջ, ամեն հաջորդ օրը ստեղծում եք ավելի վատ պայմաններ՝ սոցիալական, տնտեսական, դուք իմ հայրենիքը տանում եք կործանման»։
Հավելենք՝ ակցիայի մասնակից մի քանի երիտասարդ բերման ենթարկվեց։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ ապրիլի 25-ից մեկնարկել են Արցախի փրկության և իշխանափոխության պահանջով ԱԺ «Հայաստան» խմբակցության իրազեկման գործողությունները, որոնք ներառում են խորհրդանշական 4 վայրից քայլերթեր դեպի Երևան, «Զարթնի՛ր, լաո» կարգախոսի ներքո «Դիմադրություն» շարժման երթեր, որն այսօր պետք է մեկնարկի ժամը 18:30-ին, Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակից։
ԱԺ փոխխոսնակ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «առաջիկա 5 օրերի ընթացքում իրենց նպատակն է Հայաստանում ժողովրդին ոտքի կանգնեցնել»։