Դեբեդից 2-ամյա Արևին դուրս բերած ճանապարհաշինարարը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով - RadioVan.fm

Онлайн

Դեբեդից 2-ամյա Արևին դուրս բերած ճանապարհաշինարարը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով

2022-04-27 15:29 , Общество, 1084

Դեբեդից 2-ամյա Արևին դուրս բերած ճանապարհաշինարարը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով

Ժիրայր Պողոսյանը, ով օրեր առաջ սեփական կյանքը վտանգելով՝ Դեբեդ գետից դուրս էր բերել 2 ամյա փոքրիկին և տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն, այսօր պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ) հայտնում են, որ նրան պարգևը տրվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ։

«Շատ խորհրդանշական եմ համարում հենց այս արարողության ժամանակ պարգևատրել ու շնորհակալություն հայտնել Ժիրայր Պողոսյանին: Այստեղ են ՃԿՊԱ ուսանողները, ովքեր ավարտում են Ակադեմիան և հնարավոր է ընտրեն փրկարարի մասնագիտությունը: Սա վառ օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի փրկարարը, ինչպիսի գիտակցում պետք է ունենա մարդը, որպեսզի կարողանա ցուցաբերել նման վարքագիծ»,-ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ մինչ պարգևատրումը միջոցառման մասնակիցներին ու հյուրերին ներկայացնելով Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայրին։

«Գնացել եմ երեխային օգնելու նպատակով: Միակ բանը, որ մտածում էի՝ նրան փրկելն էր: Երբ արդեն գրկումս էր, ձեռքերս դողում էին, թե ինչպես եմ մեքենա վարել՝ չգիտեմ: Պարտք էր, որ կատարեցի: Հիմա միայն երեխայից լավ լուրի եմ սպասում. այսօր կամ վաղն անպայման կայցելեմ նրան»,-իր հերթին ասել է ճանապարհային շինարարությամբ զբաղվող Ժիրայր Պողոսյանը՝ չբացառելով, որ, գուցե, ապագայում որոշում կայացնի համալրել փրկարար ծառայողների շարքերը:

Արմեն Փամբուխչյանը տեղեկացրել է, որ երեխան այս պահին գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. կա դրական դինամիկա և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով` ցուցաբերած արիության, խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում քաղաքացիական պարտքը կատարելու համար Ժիրայր Պողոսյանը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով, արժանացել՝ դրամական պարգևի:

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին արձանագրված դեպքի մասին ահազանգից հետո դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ, որոնողափրկարարական աշխատանքներին, 30 փրկարար էր մասնակցել։

Ոստիկանությունից այնուհետ հայտնեցին, որ 2-ամյա փոքրիկի 30-ամյա մայրը խոստովանել է, որ ինքն է դստերը 3-4 մետր բարձրությունից գցել Դեբեդ գետը:

Որովայնի, կրծքավանդակի սալջարդերով, ջրահեղձությամբ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն տեղափոխված երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն այսօր հայտնել է, որ փոքրիկ Արևի վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։

Лента

Рекомендуем посмотреть