Ոստիկանությունը հայտնում է, որ ապրիլի 23-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 71-ամյա Լյուդմիլա Ա.-ն հայտնել էր, որ ժամը 19.40-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի թիվ 166 դպրոցի բակում նկատել է, որ երկու աղջիկ դանակով սպառնում են մի երեխայի: Ինքը մոտեցել է, որ կանխի միջադեպը, սակայն նրանք դանակով սպառնացել են, որ կսպանեն իրեն:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սպանության սպառնալիքի կասկածանքով, Մառի փողոցից բերման են ենթարկել 16 և 17 տարեկան աղջիկներին, որոնք տվել են խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Նշենք՝ օրեր առաջ ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանն էր ուղիղ եթերում ահազանգել, որ «դանակով զինված ինչ որ լակոտ՝ 9-րդ դասարանի աղջիկ հարձակվել է Արցախի հերոս Առուշանյան Դավիթի մոր՝ տիկին Լիդայի վրա»։
Նա մանրամասնել էր, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 23-ի երեկոյան՝ 19։40-ի սահմաններում 5-րդ Մասիվում։ Նրա պատմածի համաձայն՝ տարածքի շենքերից մեկում ապրում են Արցախից տեղահանված բնակիչներ։ Տուն վերադառնալիս տիկին Լիդան լսում է խոսակցություն՝ թե պետք է «բոլորին հանել ռադ անել այստեղից», հնչում են նաև հայհոյանքներ արցախցիների հասցեին։
«Աղջիկ ջան, այդպես պետք չէ խոսել, իրենք տուն էլ են ունեցել, տեղ էլ են ունեցել»,-խոսակցությանը միջամտել է Տիկին Լիդան։
Այդ խոսքերից հետո աղջիկը հանում է մեծ, սպիտակ պոչով դանակն ու հարձակվում տիկին Լիդայի վրա։
«Այ պառավ, դու ո՞վ ես, որ խոսաս, դու գիտե՞ս՝ իմ հերն ով է։ Քեզ կտոր-կտոր կանեմ, տնեցիքիդ կտոր-կտոր կանեմ։ 30 մետր այդ կինը պայուսակը դեմքին պահած հետ-հետ է գնում»,-պատմել էր Արամ Գևորգյանը։
Արամ Գևորգյանը այսօր, արձագանքելով ոստիկանության հաղորդագրությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ երեկ, Մառի փողոցից բերման են ենթարկել տիկին Լիդային դանակով սպառնացած 16 և 17 տարեկան աղջիկներին, որոնք տվել են խոստովանական բացատրություն:
Ըստ իմ ունեցած նախնական տեղեկությունների՝ էտ աղջիկները կապ չունեն 166 դպրոցի հետ։ Դպրոցը հիմնական դպրոց է ու այդ տարիքի աշակերտներ այնտեղ չէին կարող սովորել, ոստիկանությունից էլ տնօրենին ասել են, որ դրանք այդ դպրոցի աշակերտներ չեն։
Վաղը ես տիկին Լիդայի հետ կգնամ Նոր Նորքի ոստիկանության բաժին ու դեպքերի հետագա ընթացքի մասին տեղյակ կպահեմ։
հ.գ. Հարգելի ոստիկանությունը, տիկին Լիդայի անունը Լիդա է, ոչ թե Լյուդմիլա։ 3 օր ա ասում եմ ուղղեք, 3 օր ա համառորեն գրում եք Լյուդմիլա»։