ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասված է.
«Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»։
Նշենք՝ որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ հղի կնոջը վրաերթի է ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենան:
Շտապօգնության մեքենայով «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված հղին մահացել է: Բուժկենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ կնոջը հիվանդանոց մահացած են հասցրել՝ սրտի և շնչառության կանգով։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն, անդրադառնալով երիտասարդ կնոջ մահվան դեպքին, գրում է․
«Հարազատների վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում եմ կապնվել ինձ հետ: Սա անողը պետք է դաժանաբար պատժվի՝ օրենքի ծայրահեղ խստությամբ:
Դեպքը եղել է ժողովրդի հետ առերեսվելուց փախնելիս.... էժնագին պուպուլիստ...»։