Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահի գլխավորությամբ այսօր՝ ապրիլի 25-ին, տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ, որի ընթացքում Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում։
Արցախի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ երկրի ղեկավարը ներկայացրել է Հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը և Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ Բրյուսելում և Մոսկվայում կայացած հանդիպումների համատեքստում։
Նախագահը շեշտել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, և ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ:
«Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ հետպատերազմյան շրջանում էլ ավելի է մեծացել ԱՀ և ՀՀ պետական կառավարման համակարգերի միջև սերտ կապեր ունենալու և ՀՀ գործընկեր գերատեսչությունների հետ փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարել է կառավարության անդամներին ցուցաբերել նախաձեռնողականություն՝ ընդգծելով, որ պետական մակարդակով առաջիկայում քայլեր կձեռնարկվեն այդ կապերն ավելի ամրապնդելու ուղղությամբ»,-ասված է Աևցախի կառավարության տարածած հաղորդագրությունում: