ՀՀ պաշտպանության նախարարությունն (ՊՆ) այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնում է, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ:
Նշվում է, որ անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ:
«Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:
Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում: