ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության այսօրվա նիստի մեկնարկին, ասաց, որ ս․թ․ ապրիլի 19-20-ը Ռուսաստանի Դաշնություն իր պաշտոնական այցի ընթացքում տեղի ունացած քննարկումների ժամանակ առանձնակի ուշադրության են արժանացրել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերը:
«Կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մոտեցումների նույնականությունը: Տվյալ հարցում կարող ենք արձանագրել գործնականում մեր բոլոր միջազգային գործընկերների դիրքորոշումների ընդհանրությունը: Եվ այս ֆոնին կրկին ուզում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ օր առաջ մեկնարկել Արևելքը Արևմուտքին կապող երկաթուղագծի և ավտոճանապարհների շինարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքով: Հույս ունեմ՝ այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ, առաջիկայում կկարողանա պրոցեսը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր մշակել և համաձայնեցնել»-ասաց նա։
«Չափազանց կարևոր է Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը, որի առանցքային բաղկացուցիչ է Լաչինի միջանցքի անխափան և անարգել գործունեությունը: Այս առումով, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներդրումն անուրանալի է, մյուս կողմից՝ մի շարք դրվագներում մենք տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն: Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու Փառուխի հատված չափազանց անհանգստացնող փաստ է, որն էական է իրադրության ընդհանուր գնահատման տեսակետից: Եվ մենք հույս ունենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կապահովի ադրբեջանական ստորաբաժանումների լիարժեք դուրսբերումը»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի արդյունքների, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման հնարավորությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության եւ այլ թեմաների մասին Նիկոլ Փաշինյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։