«Հենակետ»-ը ներկայացրել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարևոր իրադարձությունները - RadioVan.fm

Онлайн

«Հենակետ»-ը ներկայացրել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարևոր իրադարձությունները

2022-04-20 16:27 , Политика, 933

«Հենակետ»-ը ներկայացրել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարևոր իրադարձությունները

«Հենակետ» վերլուծական կենտրոնը հրապարակել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նախօրեի՝ ապրիլի 19-ի դրությամբ, տեղի ունեցած կարևոր իրադարձությունները՝ հակիրճ։

Հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ։

Ռազմական իրադրություն

•Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն հայտարարել է, որ ռուսական զորքերը «Град»-ից հրթիռակոծել են Զելենոդոլսկը։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Կրիվոյ Ռոգի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից և հրետանուց արկակոծվել է ոչ միայն Զելենոդոլսկը, այլև Մարյանսկոյե և Վելիկայա Կոստրոմկա գյուղերը։ Վիլկուլի խոսքով՝ զոհեր չկան։

•Բելգորոդի մարզի նահանգապետը հայտարարել է Ուկրաինայի տարածքից ռմբակոծության մասին։ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ ռմբակոծման է ենթարկվել Գոլովչինո գյուղը։ Նա նաև նշել է, որ տեղի ունեցածի հետևանքով տուժել է մեկ բնակչուհի։

• Ռուսաստանը մեծացնում է Ուկրաինայի հարավի և արևելքի հրթիռակոծումն ու ավիահարվածները, հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին և նշել, որ Մարիուպոլում ռուսական զինվորականների ակտիվությունը չի թուլանում, սակայն քաղաքի ուկրաինացի մարտիկները շարունակում են պահել պաշտպանությունը։

• Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ռուսական զորքերը սկսել են Դոնբասի համար մարտերը, որոնց այդքան երկար պատրաստվում էին։ «Ռուսական զորքերի էական մասը կենտրոնացված է հարձակման համար։ Ինչքան էլ այնտեղ զինվորականների ուղարկեն, մենք կպաշտպանվենք։ Կպայքարենք։ Որևէ ուկրաինական բան չենք տա»,- հայտարարել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը ևս հայտարարել են, որ սկսվել է պատերազմի երկրորդ փուլը։

• «Ազով» գնդի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամիրը հայտարարել է, որ «Азовсталь» գործարանը ռմբակոծվել է և գրեթե ամբողջությամբ ոչնչացվել։ Պալամիրը նշել է, որ գործարանի ուղղությամբ նետվում են «գերհզոր ռումբեր», իսկ փլատակների տակ գտնվում են «մեծ թվով մարդիկ»։

• Իրավիճակը շարունակում է թեժ մնալ Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում, որը շրջափակված է ռուսական զորքերի կողմից։

• ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական օդատիեզերական ուժերը ոչնչացրել են ուկրաինական «Տոչկա-Ու» տակտիկական հրթիռների մարտագլխիկների պահպանման երկու պահեստ Չերվոնայա Պոլյանա և Բալակլեա բնակավայրերի շրջաններում: Ուկրաինաական ՄիԳ-29 կործանիչը օդում խոցվել է Դոնեցկի մարզի Մալինովկա բնակավայրի շրջանում: Ուկրաինական «Տոչկա-Ու» երկու հրթիռ են որսացել Պետրոպոլե և Մալայա Կամիշևախա բնակավայրերի շրջաններում: Բարձր ճշգրտության հրթիռներով խոցվել են Կալինովո-Պոպասնոյե շրջանում երկու հենակետեր և հակառակորդի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման վեց շրջաններ, Սլավյանսկ և Պոպասնոյե շրջաններում: Ոչնչացվել է անձնակազմի մինչև 180 մարդ և 15 միավոր զրահատեխնիկա։ Օրվա ընթացքում հրթիռային զորքերի կողմից խոցվել են ուկրաինական զորքերի ստորաբաժանումների կառավարման երկու կետ, զինամթերքի պահեստ, հրետանային մարտկոց, ինչպես նաև ուկրաինական ռազմական տեխնիկայի կուտակումներ:

• Բրիտանական հետախուզությունը հերթական անգամ Կիևին խորհուրդ է տվել զորքերը դուրս բերել Արևելյան ճակատից և տեղափոխել պաշտպանության երկրորդ գիծ՝ թույլ չտալու համար նրանց լիակատար շրջապատումն ու ոչնչացումը: Զելենսկին հրաժարվել է։

• Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինային փոխանցել «Stormer HVM» ինքնագնաց զենիթահրթիռային համալիրները, որոնք հագեցած են Starstreak զենիթային կառավարվող հրթիռով:

Արտաքին քաղաքական իրադրություն

• ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր հայտարարելու հնարավորության հարցը։ Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

• Նիդերլանդները համաձայնել է զրահատեխնիկա ուղարկել Ուկրաինա: Այդ մասին հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ։

• Ռուսաստանն արտաքսում է Ավստրիայի դեսպանության չորս աշխատակցի։ Այդպիսի որոշումը կայացվել է ի պատասխան Ավստրիայում ռուսաստանցի դիվանագետներին պերսոնա նոն գրատա հայտարարելուն։ Մոսկվան հայտարարել է նաև ՌԴ-ում Բելգիայի դեսպանության մի քանի աշխատակիցներին արտաքսելու մասին։ Նրանք ստիպված կլինեն Ռուսաստանը լքել մինչև մայիսի 3-ը։ Բացի այդ, Ռուսաստանը կարտաքսի նաև հոլանդացի 15 դիվանագետի։

• Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Արևմուտքն այն կարծիքին է, որ ՆԱՏՕ-ն չպետք է մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Ուկրաինային զենքի մատակարարման հարցում Բունդեսվերի պաշարները մեծ մասամբ սպառված են՝ «մենք հասել ենք մեր սահմանաչափին»։

• Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Կանադան Կիեւին ծանր հրետանի կտրամադրի։

Ներքաղաքական իրադրություն

• Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ուղարկել ռազմական դրության երկարաձգման մասին օրենսդրական նախագիծը։ Ռազմական դրության գործող ռեժիմն ավարտվում է ապրիլի 25-ին։

• Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտարարել է գերիների փոխանակման 5-րդ փուլի մասին և նշել, որ Ուկրաինա է վերադարձել 60 զինծառայող, այդ թվում՝ 10 սպա և 16 քաղաքացիական անձ։

• Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ցանկանում է իր ժողովրդին, որպես հաղթանակ, «վաճառել» Դոնեցկի և Լուգանսկի վարչական սահմաններ ելքը։ Նրա խոսքով՝ ռուսական զորքերը փորձում են առաջ շարժվել Իզյումից և շրջափակել Ռուբեժնոյեն, Սևերոդոնեցկը և Պոպասնայան։ Արեստովիչը հիշեցրել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը, որ ուկրաինացի զինվորականների սպանությունը, որոնք մնացել են Մարիուպոլում, «վերջակետ կդնի բոլոր բանակցություններում»։ Ընդ որում, Արեստովիչն ընդգծել է, որ «ռուսական զորքերը չեն կարողանում գրավել Մարիուպոլը»։

Միջազգային մամուլ

• «The New York Times» ամերիկյան պարբերականը գրում է, որ չնայած Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ Ուկրաինայի արևելքում ռուսական զորքերը սկսել են հարձակումը, տեղի ունեցողը կարող է լինել միայն առավել մասշտաբային հարձակման շարունակվող նախապատրաստություն։ Ինչպես կարծում են վերլուծաբանները, ռմբակոծությունների մի մասն ուղղված է եղել նրան, որ ուկրաինական զորամասերին թույլ չտրվի լքել Խարկովը և մյուս քաղաքները, ինչպես նաև ուկրաինացիները չկարողանան Դոնբաս տեղափոխել լրացուցիչ ուժեր։

• Եվրամիությունը կծածկի Ուկրաինայի հետպատերազմական վերականգնման ծախսերի մեծ մասը։ Ինչպես գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, այդ նպատակով կստեղծվի համերաշխության հիմնադրամ։ Այդ հիմնադրամը, Ուկրաինայի կառավարության հետ համաձայնեցնելով, կֆինանսավորի ներդրումներն ու բարեփոխումները։

• «Reuters»-ը գրել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային ավելի շատ հրետանային սպառազինություն կուղարկի։

• «CNN»-ը գրել է, որ Պենտագոնը փաստացի հնարավորություն չունի հետեւելու Ուկրաինային մատակարարվող զենքի վերջնական ստացողին։ Բարձր է հավանականությունը, որ այդ զենքն ի վերջո կհայտնվի նրանց ձեռքում, ում Վաշինգտոնը չէր պատրաստվում զինել, ներառյալ Դոնբասի ուժերը։

Лента

Рекомендуем посмотреть