«Հենակետ» վերլուծական կենտրոնը հրապարակել է Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները՝ հակիրճ։
Հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ։
Չինաստան
• Չինաստանը զորավարժություններ կանցկացնի Թայվանի շրջանում՝ ի պատասխան ամերիկյան պատվիրակության Թայվան այցի։ Զորավարժություններին մասնակցել են ռմբակոծիչներ, կործանիչներ և մարտական նավեր։ Պեկինում արդեն հայտարարել են, որ բանակը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի վճռականորեն կասեցնի «Թայվանի անկախությունը» կազմակերպելու արտաքին միջամտության բոլոր փորձերը: Զորավարժությունների ընթացքում ցուցադրվել են նաև անօդաչուների զանգվածային կիրառման և դրանցով խնդիրների լուծման իրադրություններ։ Չինաստանը խոշոր ռազմածովային զորավարժություններ է անցկացնում Թայվանի շրջանում այն ժամանակ, երբ կղզում է գտնվում Ամերիկյան պաշտոնական պատվիրակությունը։
• «Foreign Policy» պարբերականը գրել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ԱՄՆ-ին անցնում են տիեզերական հնարավորություններով՝ տիեզերքի ռազմականացումը նոր թափ է հավաքում։
• Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան Չինաստանից գնված HQ-22 ԶՀՀ-ն և ռուսական «Պանցիր-Ս1» ԶՀՀ-ն կմիավորի ՀՕՊ միասնական համակարգի մեջ։
Թուրքիա
• Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ իրենք F-16V Block 70 կործանիչների կարիք ունեն և հավելել, որ միաժամանակ պետք է արդիականացնեն իրենց ունեցած F-16-երը։ «Դրա հետ կապված մենք «Օտարերկրյա ռազմական վաճառք» ծրագրի շրջանակում սկսել ենք գործընթացը, որը շարունակվում է ԱՄՆ ՊՆ-ում Պետդեպարտամենտի հետ միասին»,- նշել է Աքարը։
• Թուրքիան շարունակում է իր սահմաններին պատեր ու աշտարակներ կառուցել, տեսախցիկներ ու ջերմատեսիլ սարքեր տեղադրել: Դրանից բացի պատերի երկայնքով իրականացվելիք պարեկային ծառայության մեքենաների համար ճանապարհներ են կառուցվում, անցկացվում են լուսավորություն ու հոսանքի գծեր: Պաշտոնապես հաղորդվում է, որ այդ աշխատանքները կատարվում են մեծամասամբ Սիրիայից ու Իրանից փախստականների հոսքը կանխելու ու սահմանների վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով:
• Թուրքիայի ՊՆ-ն համապատասխան ստորաբաժանումներին հրամայել է ամեն րոպե պատրաստ լինել ուկրաինական լողացող ծովային ականների սպառնալիքին դիմակայելու համար։ Այդ առնչությամբ գործի դրված Anka-B ԱԹՍ ռադիոլոկացիոն սարքավորումների փորձարկումները ավարտվել են, որոնք ծովային կուտակումներ հայտնաբերելու համար կիրառման մեջ էին դրվել։
• Թուրքիայում անցկացվող «Կապույտ հայրենիք-2022» զորավարժությունների շրջանակներում թուքրական ռազմածովային ուժերի «Aksungur» ԱԹՍ-ն առաջին անգամ կիրառել է MAM-L ռազմամթերք վերջրյա թիրախներ խոցելու համար։
Իրան
• Իրանում անցկացվող «Panha-2091» ռազմաօդային զորավարժությունների շրջանակներում ներկայացվել են «AH-1j» հարվածային ուղղաթիռները «SHAFAQ» հրթիռներով, որոնք փոխարինելու են եկել ամերիկյան TOW-ին:
• Թեհրանում ռազմական շքերթի ընթացքում ներկայացվել են արդիականացված «15th Khordad», «Dezful» («Տոր-Մ1») զենիթահրթիռային համալիրները, «Ababil-5» ԱԹՍ-ները ինչպես նաև այլ նոր սպառազինություն։
• Իրանը հարվածներ կհասցնի Իսրայելի կենտրոնական շրջաններին, եթե վերջինս իր կողմից թույլ տա անգամ փոքր սպառնալիք: Հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին:
• ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Ռամադանի ժամանակ իսլամի և Ալ-Աքսա մզկիթի սրբությունների անձեռնմխելիության խախտումը մղձավանջ կդառնա սիոնիստների համար։
• «The Guardian» բրիտանական պարբերականը պնդում է, որ Ռուսաստանը զենք է ներմուծել Իրանից Ուկրաինայում պատերազմի ժամանակ։ Մասնավորապես ախոսքը իրանական արտադրության «Bavar 373» հակաօդային պաշտպանության մասին է, որը տեղափոխվել է Աստրախանի նավահանգստով, ինչպես նաև մի քանի հրթիռային կայանքներ և հակատանկային հրթիռներ: Այս կապակցությամբ «ЦАМТО»-ի ղեկավար Իգոր Կորոտչենկոն իրանական զենքի Ռուսաստան մատակարարման մասին լուրերը «լցակույտ» է անվանել։
Իրաք
• Թուրքիայի զինված ուժերը նոր ներխուժում են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում է «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ճամբարները: Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության՝ «Մագիլ-կողպեք» անվանումով ռազմագործողությանն ընդգրկում է Իրաքի Մեթինա, Զափ և Ավաշին-Բասյան շրջանները: Նշվում է, որ թուրքական օդուժի կողմից ՔԲԿ-ի դիրքերի պահեստների, թաքստոցների ու բունկերների ուղղությամբ իրականացված ավիահարվածներից հետո տարածք են մտել նաև հատուկ նշանակության ստորաբաժանումներ:
• Ուկրաինացի զինվորականների կողմից «Ստուգնա-Պ» հրթիռի մարտական կիրառման կադրերը սուր արձագանք են առաջացրել Իրաքում։ Բանն այն է, որ Կիևը որոշում է ընդունել արդեն վճարված համալիրները իրաքցի զինվորականներին չհանձնել։ Բաղդադում կարծում են, որ Կիևի՝ վճարված զենքը հանձնելուց հրաժարվելը կարող են հանգեցնել ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու էսկալացիայի դեպքում Բաղդադի անկարողության վտանգի։
Սիրիա
• Ամերիկյան ուղղաթիռները ակտիվացել են Էլ-Հասեկե քաղաքում «ԻՊ» ահաբեկիչների համար նախատեսված քրդական բանտի տարածքում։ Հունվարին օբյեկտը գրոհել էին զինյալները, որոնք երկար ժամանակ զսպում էին օտարերկրյա հատուկ նշանակության ուժերի և քրդերի հարձակումները։
• Դամասկոսի շրջանում ապրիլի 14-ին Սիրիական բանակի ՀՕՊ միջոցներ են աշխատել։ Ենթադրվում է, որ Իսրայելի ՌՕՈւ-ն է իրականացրել հրթիռային հարձակում։ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Սիրիայի ՀՕՊ-ը խոցել է ապրիլի 14-ի երեկոյան Իսրայելի ՌՕՈւ F-16 կործանիչի կողմից Դամասկոսի շրջանում գտնվող օբյեկտների ուղղությամբ արձակված երկու հրթիռներից մեկը:
Իսրայել
• Իցհակ Գերցոգը հայտարարել է, որ Ադրբեջանը Իսրայելում դեսպանատուն կբացի։
• Իսրայելական հատուկ նշանակության ջոկատները Թուլ Քարեմ քաղաքում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացրել։ Զանգվածային անկարգություններ են սկսվել Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող մի քանի բնակավայրերում, որտեղ Իսրայելի անվտանգության ուժերի ստորաբաժանումները խոշոր գործողություն են իրականացնում:
• Իսրայելը «Ion Beam» պաշտպանության նոր լազերային համալիրի փորձարկումներ է իրականացրել, որը հաջողությամբ որսացել է անօդաչու թռչող սարքեր, ռեակտիվ արկեր, ականանետային ականներ եւ հակատանկային հրթիռներ:
• Իսրայելի հարավում Գազայի հետ սահմանին հրթիռային տագնապը եղել է Նահալ Օզ բնակավայրի շրջանում երկու պայթյունների պատճառով։ Պարզվում է Գազայի հատվածի տարածքից Իսրայելի ուղղությամբ ականանետային կրակ է բացվել։ Երկու ական է պայթել սահմանի մոտ։
• Իսրայելի պաշտպանության բանակը որոշում է ընդունել երկրի կենտրոնում «Երկաթե գմբեթ» ԶՀՀ լրացուցիչ մարտկոցներ տեղակայելու մասին:
• Իսրայելական ավիացիան Գազայի հատվածում հարված է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման օբյեկտներին՝ ի պատասխան երկու ռեակտիվ արկերի երեկոյան արձակման, որոնցից մեկը խոցվել է «Երկաթե գմբեթ» ԶՀՀ-ի կողմից, երկրորդն ընկել է անապատում։
Աֆղանստան
• Աֆղանստանի և Պակիստանի սահմանին իրավիճակը սրվել է անջատողական խմբավորումների գրոհայինների Բելուջիստան նահանգի Բյուկի եւ Բոլան քաղաքներում միաժամանակյա հարձակում իրականացնելու պատճառով:
• Աֆղանստանի սահմանամերձ շրջանների վրա Պակիստանի ռազմաօդային ուժերի ավիահարվածից հետո Թալիբանի ուժերը լրացուցիչ ստորաբաժանումներ են ուղղել Հոստ նահանգ։ Նշվում է, որ մարտեր են ընթացել։
• «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ռեակտիվ արկերով հարվածներ են հասցրել Ուզբեկստանի ռազմական օբյեկտներին Աֆղանստանի տարածքից։ Աֆղանստանի տարածքից Ուզբեկստանի ԶՈՒ-ի զորամասերի հրթիռակոծման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հայտարարել է Ուզբեկստանի նախագահի մամուլի քարտուղարը և նշել, որ Ուզբեկստանի պաշտպանության նախարարության եւ սահմանապահ զորքերի տվյալներով՝ ուզբեկա-աֆղանական սահմանին ոչ մի ռազմական ակտիվություն չի նկատվում, իրադրությունը կայուն է:
• Մահապարտն իրեն պայթեցրել է Քաբուլի արեւմուտքում գտնվող Աբդուլ Ռահիմ Շահիդի դպրոցի մուտքի մոտ, որտեղ այդ պահին շատ աշակերտներ են եղել, կան զոհեր և վիրավորներ։
ՆԱՏՕ
• Ֆինլանդիայի խորհրդարանն արդեն հաջորդ շաբաթ կքննարկի ՆԱՏՕ-ին երկրի հնարավոր անդամակցության հարցը։
• Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտնել է, որ ՆԱՏՕ-ին երկրի հնարավոր անդամակցության եւ համապատասխան հայտ ներկայացնելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել:
• ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի երկրների կողմից Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը դանդաղեցնելու փորձերը կկասեցվեն։ Ռուսաստանն Ուկրաինայի տարածքում զենք փոխադրող ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի տրանսպորտային միջոցները դիտարկում է որպես օրինական ռազմական թիրախներ:
• Ֆրանսիայի ընդդիմության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում Ֆրանսիան կհեռանա ՆԱՏՕ-ի հրամանատարական կառույցներից: Լե Պենը մտադիր չէ նաեւ ֆրանսիական զորքերը հանձնել Եվրամիության ընդհանուր հրամանատարությանը:
ՀԱՊԿ
• Տեղի է ունեցել ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի 20-րդ նիստը՝ Ռազմական կոմիտեի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-ՌԴ ՊՆախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ։ Նիստում որոշվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների կողմից 2022թ. հունվարի 13-ին ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստի ընթացքում արված առաջարկությունների իրականացման կարգը, որը վերաբերում է ճգնաժամային արձագանքման մեխանիզմի կատարելագործմանը և կազմակերպության հավաքական ուժերի կիրառման կազմակերպմանը։
• Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում ավարտվել են ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների, իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավար կադրերի պատրաստման հերթական VII դասընթացները։