Պուտինն ասել է, որ մշտական կապի մեջ է Փաշինյանի հետ՝ «եթե ոչ ամեն շաբաթ, ապա յուրաքանչյուր 10 օրը մեկ զրուցում են հեռախոսով» - RadioVan.fm

Онлайн

Պուտինն ասել է, որ մշտական կապի մեջ է Փաշինյանի հետ՝ «եթե ոչ ամեն շաբաթ, ապա յուրաքանչյուր 10 օրը մեկ զրուցում են հեռախոսով»

2022-04-19 20:00 , Политика, 940

Պուտինն ասել է, որ մշտական կապի մեջ է Փաշինյանի հետ՝ «եթե ոչ ամեն շաբաթ, ապա յուրաքանչյուր 10 օրը մեկ զրուցում են հեռախոսով»

Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ) կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոսկովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի է ունեցել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ողջունելով Վարչապետ Փաշինյանին՝ ՌԴ նախագահը նշել է.

«Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել:

Ձեր այցը նվիրված է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Գիտեմ, որ շատ մեծ ծրագիր ունեք՝ հանդիպում կառավարության ղեկավարի, Դաշնային ժողովի ղեկավարության հետ, այնուհետև այց Նիժնի Նովգորոդ: Նախատեսված է նաև մի շարք փաստթղթերի ստորագրում:

Մենք մեր իրավական հարաբերություններում ունենք 200 փաստաթղթերի հարուստ բազա՝ ստորագրված նախորդ տարիներին: Սա գործնականում լավ հնարավորություն է տալիս աշխատել բոլոր ուղղություններով, առաջնայիններից մեկը տնտեսությունն է: 2021 թվականին մենք ունեցել ենք 12,8 տոկոսի աճ՝ համաձայն մեր վիճակագրության, իսկ այս տարվա առաջին ամիսներին 50 տոկոսի աճ: Սա շատ լավ ցուցանիշ է, հատկապես ժամանակակից աշխարհում:

Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում են լինելու անվտանգության հարցերը, այդ թվում՝ կապված Ղարաբաղի հետ: Համաձայն եմ Ձեզ հետ, խնդիրները շատ են, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք, եթե ոչ ամեն շաբաթ, ապա յուրաքանչյուր 10 օրը մեկ զրուցում ենք հեռախոսով: Նաև չնայած պանդեմիային, ունենք կանոնավոր հանդիպումներ: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, բարի գալուստ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է.

«Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն հրավիրելու համար:

Ինչպես ասացիք, այս այցն ունի ոչ միայն գործնական, այլ նաև խորհրդանշական նշանակություն, որովհետև նվիրված է մեր երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և ցույց է տալիս, որ մեր երկրների միջև հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակում: Հույս ունեմ, որ այս այցի արդյունքներով այդ դինամիկան ոչ միայն կշարունակվի, այլ նաև կլինի առավել արդյունավետ:

Մենք իսկապես գտնվում ենք մշտական կապի մեջ, շատ հաճախ հանդիպում ենք, մշտապես ունենում ենք հեռախոսազրույցներ, քանի որ մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, գործնականում բոլոր ոլորտներում՝ սկսած տնտեսությունից, ավարտած մշակույթով, կրթությամբ և ռազմատեխնիկական համագործակցությամբ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, մենք արդյունավետ փոխգործակցում ենք Եվրասիական տնտեսական միությունում, ԱՊՀ-ում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում:

Պետք է ևս մեկ անգամ ընդգծեմ Ձեր առանցքային դերը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման գործում: Դրանից հետո ռուս խաղաղապահները գործում են Լեռնային Ղարաբաղում և պետք է ընդգծել, որ ընդհանուր առմամբ, իհարկե, ռուս խաղաղապահների գործունեությունն ապահովում է անվտանգությունը և թվում է` պետք է նայել, թե ինչ կարելի է անել, որպեսզի խաղաղապահների գործունեությունը դարձնել առավել արդյունավետ:

Իհարկե, գլխավոր քաղաքական հարցը մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն է, հույս ունեմ, որ այսօր այդ մասին նույնպես կխոսենք: Իսկապես, իմ այցն ունի շատ հագեցած օրակարգ, որի մեծ մասը կապված է այս բանակցությունների հետ: Վստահ եմ, մեզ կհաջողվի անցկացնել արդյունավետ բանակցություններ, շնորհակալություն եմ հայտնում և շատ ուրախ եմ Ձեզ տեսնել»:

Ամփոփելով՝ Վլադիմիր Պուտինն ասել է.

«Դուք հիշատակեցիք մշակույթի ոլորտում մեր համագործակցությունը, մեզ մոտ Ձեր այցի և դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր, իսկ Հայաստանում տեղի են ունենում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր: Կարծում եմ` սա նույնպես մեր ուշադրությունը կգրավի այս հանդիպման ընթացքում»:

Лента

Рекомендуем посмотреть