«Հաղթելու է իրական Հայաստանը, ոչ թե ֆեյսբուքյանը»․ համախմբում՝ գործող վարչակարգի հեռացման ազգային համերաշխության կառավարության ձևավորման նպատակով - RadioVan.fm

Онлайн

«Հաղթելու է իրական Հայաստանը, ոչ թե ֆեյսբուքյանը»․ համախմբում՝ գործող վարչակարգի հեռացման ազգային համերաշխության կառավարության ձևավորման նպատակով  

2022-04-19 20:38 , Политика, 1248

«Հաղթելու է իրական Հայաստանը, ոչ թե ֆեյսբուքյանը»․ համախմբում՝ գործող վարչակարգի հեռացման ազգային համերաշխության կառավարության ձևավորման նպատակով

«Սկսում ենք համախմբում՝ դուրս գալով վճռական և անզիջում պայքարի՝ հեռացնելու գործող իշխանությանը, ձևավորելու ազգային համերաշխության կառավարություն։

Պետության համար բախտորոշ այս շրջանում պահանջվում է յուրաքանչյուրիս կամքն ու վճռականությունը, առանց որի հնարավոր չէ իրականացնել ոչ մի վճռորոշ գործողություն»,-այսօր, Երևանի Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսում, հայտարարեցին «5165» շարժման համակիր ներկայացուցիչները, որոնք այսօրվանից համախմբվում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, Արցախը փրկելու և Հայաստանը ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ:

«Գործ ունենք մի մարդու հետ, ով կոկորդ էր պատռում, թե Արցախը մեր արժանապատվության միջնաբերդն է, թե բանակը մեր առաջնահերթությունների առաջնահերթությունն է, թե բանակով երաշխավորել ենք Արցախի անվտանգությունը, հիմա այդ բառապաշարը ամբողջովին փոխվել է, դարձել է ադրբեջանական դիվանագիտության տարիներ շարունակ առաջ մղվող թեզերի բառակույտ։ Վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցիների կողմից ամենաշատ մեջբերվող Հայաստանի ղեկավարն է լինելու, քանի որ որևէ մեկը երբևէ այդքան ադրբեջանամետ հայտարարություններ չի արել և այդքան ադրբեջանամետ վարքագիծ չի դրսևորել, ինչպես Փաշինյանը։ Մենք գործ ունենք շարունակական սխալների հետ և պետք է ուժ գտնենք, դուրս գանք փողոց ու ստիպենք Նիկոլ Փաշինյանին հրաժարվել այս կործանարար գծից»,- ասաց «5165» շարժման ներկայացուցիչներից մեկը։

Իր ելույթում ՀՀ վաստակավոր արտիստ, շարժման հիմնադիր անդամ Արսեն Գրիգորյանն էլ նկատեց, որ այսօր Հայաստանում և հայության մեջ այնպիսի վիճակ է, որը կերազեր մեր թշնամին, որը երբեք չի կարողացել մեզ պառակտել։

«Այն՝ ինչ ստացվեց Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ այսօր ատելություն կա միմյանց նկատմամբ՝ նրա քաղաքականության շնորհիվ։ Մեզ պետք չէ ղեկավար, որը մեզ չի սիրում, չի պաշտպանում մեր ինքնությունը, ազգային արժանապատվությունը։ Ժողովուրդ, Մենք պետք է արթնանաք ու հասկանանք, մենք իրականության մեջ ստի մեջ ենք ապրում, «Ֆեյսբուքում» ենք ապրում։ Այսօր մենք այստեղ ենք և հույս ունենք, որ բոլորս միասին, գիտակցելով այս օրհասական պահը, պետք է համախմբվենք և հասնենք այս ապազգային իշխանության հեռացմանը։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ, որովհետև սա քաղաքական, կուսակցական խնդիր չէ, սա ազգային արժանապատվության, մեր Հայաստան պետության և իրավունքի հարց է։ Վստահ եմ՝ հաղթելու է իրական Հայաստանը, ոչ թե՝ ֆեյսբուքյան Հայաստանը»,-ընդգծեց Արսեն Գրիգորյանը։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի խոսքով՝ ՀՀ վարչապետ «Նիկոլ Փաշինյանն այսօր մեր ճգնաժամի դեմքն է, մեր ազգային նսեմացման, մեր կորուստների խորհրդանիշն է»։

«Այդ մարդը շարունակում է մեզ տանել այդ կորուստների ճանապարհով, հընթասց դրանք հիմնավորելով, դրանց համար նորանոր մեղավորներ փնտրելով, հիմա երկրի ներսում մեղավորներ էլ չեն մնացել, արդեն մեղավորը դարձել է միջազգային հանրությունը։ Այսպես չի կարող շարունակվել։ Այս վարչակարգը, որը քաղաքականապես սնանկ է և այլևս որևէ հեռանկար չունի գործելու և մեր երկիրը ճգնաժամից հանելու՝ պետք է հեռանա»,-ասաց նա՝ հավելելով, որ դրան պետք է հասնեն սահմանադրական ճանապարհով, որպեսզի երկիրը ճգնաժամի մեջ չհայտնվի։

Նրանց պատկերացմամբ՝ Ազգային ժողովի 71 իշխանական պատգամավորներից 1/3-րդը եթե փոխի ճամբարը, ինչը, ըստ հավաքվածների, իրատեսական է, Նիկոլ Փաշինյանին կհեռացնեն, որից հետո պետք է ձևավորվի հանրայինվստահության արժանացած, ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը լուծելու է հետևյալ խնդիրները․

1 Բանակի վերականգնում, վերազինում և մարտունակության բարձրացում,

2 Արտաքին սպառնալիքների չեզոքացում՝ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմամբ,

3 Ատելության մթնոլորտի վերացում՝ հանրության ներքին համերաշխության ապահովմամբ,

4 Տնտեսական ազատությունների և սոցիալական արդարության երաշխավորում,

5 Նոր խորհրդարանական ընտրությունների կազմակերպում՝ մեկ տարվա ընթացքում։

Վերը նշված ժամանակավոր կառավարությանը չեն անդամակցելու ՀՀ նախկին նախագահները և առավելևսչեն ղեկավարելու այն։

Ազատության հրապարակում կայացած մամուլի ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ «5165» շարժումը, հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը, Ավետիք Չալաբյանը, Արցախի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հայտարարությունները համարելով Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամություն, հայտարարել էին, որ ապրիլի 19-ից սկսելու են անդադար ռեժիմի գործողություններ՝ հասնելու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։

Վերջիններս նաև հիմնավորել են, թե ինչո՞ւ պետք է հեռանա Նիկոլ Փաշինյանը։

Դրանք ամբողջությամբ՝ ստորև․

Ձախողման հիմնական ուղղությունները

Ներքին քաղաքականություն

1. Դավաճանել է իր իսկ հայտարարած հեղափոխության արժեքներին և սկզբունքներին,

2. Տապալել է պետական կառավարումը ռազմական և արտակարգ դրության ժամանակ,

3. Ժողովրդավարություն հաստատելու, իշխանությունների տարանջատումը և հավասարակշռությունն ապահովելու փոխարեն մենաշնորհել է ողջ պետական իշխանությունը, այդ թվում՝ արտաքին ու ներքին քաղաքական որոշումների կայացումը,

4. Կոռուպցիան արմատախիլ անելու փոխարեն շարունակում է այն հովանավորել և վերարտադրել,

5. Սոցիալական արդարություն ապահովելու փոխարեն նա շարունակել է պետության կառավարումը և հանրային միջոցների բաշխումը իրականացնել «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով, որին տարիներ շարունակ դեմ էր արտահայտվում

6. Պետական կառավարման ոլորտում խոստացած բարեփոխումների և արդիականացման փոխարեն կազմաքանդել է պետական համակարգը,

7. Որևէ ձախողման դեպքում խուսափում է պատասխանատվությունից, մեղքը բարդում է երրորդ անձանց վրա՝ մշտապես փոխելով կամ փոխատեղելով պաշտոնյաներին,

8. Չի կատարում 2021թ նախընտրական խոստումները, հատկապես Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը երաշխավորելու հանձնառությունը։

Արտաքին քաղաքականություն

1. Ձախողել է խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում,

2. 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո փչացրել է հարաբերությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այլ գործընկեր պետությունների հետ, փոշիացրել է դիվանագիտական բոլոր լծակները, որ Հայաստանն ուներ,

3. Ստորագրել է նոյեմբերի 9-ի կործանարար հայտարարությունը՝ ուղի հարթելով Հայաստանի անվտանգության համակարգի կազմաքանդման համար,

4. Հայաստանի կշիռն ու ինքնուրույնությունը բարձրացնելու փոխարեն, գրեթե զրոյացրել է պետության ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը,

5. Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո միակողմանիորեն, կամայական որոշումներով բերել է նրան, որ Հայաստանը կորցրել է սուվերեն տարածքներ, ռազմավարական բարձունքներ, միջպետական ճանապարհի առանձին հատվածներ,

6. Տապալել է հետպատերազմյան բանակցային գործընթացը, հայ ժողովրդին ստիպում է համակերպվել Արցախը Ադրբեջանին հանձնելու հեռանկարի հետ և փորձում է այն մատուցել որպես խաղաղություն,

7. Ժողովրդին մոլորեցնելով խաղաղության դարաշրջանի կեղծ օրակարգով ու ահաբեկելով պատերազմի վտանգով՝ փորձում է Հայաստանը մտցնել Թուրքիայի ենթակայության տակ,

8. Արտաքին քաղաքական օրակարգից հանել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցը,

9. Հայաստանը ներքաշել է աշխարհաքաղաքական վտանգավոր խաղերի մեջ, այն դարձրել առևտրի առարկա, վերածել արտաքին ուժերի միջև հնարավոր ռազմական բախման մարտադաշտի։

Բանակ և անվտանգություն

1. Իմանալով, որ պատերազմ է սպասվում, չի պատրաստել պետությանն ու ժողովրդին այդ պատերազմին,

2. Փաստացի ստանձնելով զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի իրավասությունները՝ պատերազմի ժամանակ չիապահովել բանակի կառավարումը, փոխարենը բոլոր ձախողումները բարդել է տարբեր անձանց և կառույցների վրա,

3. Բանակի արդիականացման և վերազինման փոխարեն զբաղվում է բարեփոխումների իմիտացիայով և փաստացի կազմաքանդմամբ,

4. Գլխատել է բանակի և ռազմական արդյունաբերության ղեկավարումը։

Ազգային համերաշխություն

1. Հասարակությունը բաժանել է հակամարտող ճամբարների, ազգի մեջ սերմանել ատելություն և պառակտում արել է այն, ինչ երկար տարիներ ուզում էին անել երկրի թշնամիները,

2. Օգտագործելով հետպատերազմյան հոգեբանական տրավման և հասարակությանը շարունակաբար ահաբեկելով նոր պատերազմով՝ նրան ստիպում է հաշտվել իր ընդունած զիջումների հետ և հրաժարվել ազգային-պետական շահերից,պատմությունից, արժանապատվությունից,

3. Հայրենիքն ու Սփյուռքը առավելագույնս հեռացրել է միմյանցից։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть